Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում, դա նպաստում է նաև դրամի արժևորմանը․ ԿԲ նախագահ

Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում, դա նպաստում է նաև դրամի արժևորմանը․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
18:19, 03 май 2022
«2022թ․ մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 7,4 տոկոս։ Ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7 տոկոս»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը այսօր՝ մայիսի 3-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է և այդ ֆոնին պահպանվում են նաև անորոշությունները, և դա բացասաբար է արտահայտվում Հայաստանի գործընկեր երկրներում տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա․ «Այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի սպասվածից արագ դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ»,-ասաց ԿԲ նախագահն ու հավելեց, որ ՀՀ տնտեսության վրա արտաքին հատվածից գնաճային ազդեցությունը կպահպանվի։

«2020թ․-ի առաջին եռամսյակում դիտվել է ՀՀ տնտեսական ակտիվության՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումներ։

Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում և ընդլայնում ամբողջական պահանջարկը»,-նշեց ԿԲ նախագահն ու հավելեց, որ դա նպաստում է նաև արժութային շուկայում դրամի արժևորմանը․ «Գնահատվում է, որ վերջինս դրական ազդեցություն կփոխանցի նաև ներքին գնաճային միջավայրի թուլացման և գնաճային սպասումների նվազման ուղղությամբ»,-ասաց Մարտին Գալստյանն ու ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 3-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 9,25 տոկոս։ 

Ըստ ԿԲ կանխատեսումների՝ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին, սակայն աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։