Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում․ քննարկում ՇՄ նախարարությունում

Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում․ քննարկում ՇՄ նախարարությունում
Տնտեսություն
22:43, 27 июнь 2022
Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ վերջին շրջանում գորշ արջերի առանձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից:
 
 
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպություններից։
 
 
Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը արձանագրել է, որ թեև բնապահպանական տեսանկյունից գոհացնող արդյունք է կենսաբազմազանության վերականգնումը և կենդանատեսակի քանակի աճը, սակայն այս դեպքում խնդիրը նաև այլ մտահոգիչ կողմեր ունի, որոնք պակաս կարևոր չեն։
 
 
«Գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է՝ գտնվում է շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, կատարվում են կենդանիների վարքի ուսումնասիրություններ, տնտեսություններին հասցված վնասի հաշվարկներ, ուսումնասիրվում է նաև խնդրի լուծման միջազգային փորձը։ Այս հարցի շուրջ լուծումը պետք է լինի համալիր և բնապահպանական ու սոցիալական շահերն իրար չստորադասող»,- նշել է նախարարի տեղակալը և խնդրել գործընկերներին առավել ակտիվորեն ներգրավվել գործընթացի մեջ՝ համատեղ ուժերով խնդրին լուծումներ տալու նպատակով։
 
Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի տեղակալ Արփինե Փանոյանը գործընկերներին է ներկայացրել վերջին տարիներին գրանցված հարձակումների վերաբերյալ ամփոփ թվային տվյալներ՝ հարձակումների արեալներ, ժամանակահատված, հասցված վնասի չափ։
 
Արփինե Փանոյանը տեղեկացրել է նաև, որ շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է ձևավորել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որում կներգրավվեն խնդրով շահագրգիռ բոլոր անձինք, գերատեսչություններն ու կազմակերպությունները։ Աշխատանքային խմբի գործառույթներից մեկն էլ կլինի մարդ-գորշ արջ հակամարտությանը լուծումներ գտնելը։
 
Նախարարի տեղակալը հանձնարարել է աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը որքան հնարավոր է շուտ մեկնարկել։
 
Քննարկման մասնակիցների կողմից ներկայացվել են խնդրին լուծումներ տալու իրենց մոտեցումներն ու դիտարկումները։