Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարելի է ասել, որ տնտեսությունը սկսում է շնչել․ ԿԲ նախագահ

Կարելի է ասել, որ տնտեսությունը սկսում է շնչել․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
17:17, 03 июнь 2021
ՀՀ կենտրոնական բանկի՝ 2020 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ խոսելով տնտեսության վերականգնման մասին՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ կարելի է ասել, որ տնտեսությունը սկսում է շնչել։

«Բայց արդյոք մարդիկ այս պահի դրությամբ նախընտրում են որոշակի ռիսկի գնալու բիզնես-պրոյեկտների մեջ մտնել իրականացնել որոշակի ներդրումներ, թե նաև ակնկալում են, որ պետությունը նախորդ տարվա պես պետության կողմից  իրականացրած աջակցության ծրագրերը շարունակի, որոնք բավականին դրական ազդեցություն ունեցան անցյալ տարվա տնտեսական զարգացումների վրա»,- ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ այդ առումով  միգուցե մարդկանց մոտ ինչ-որ հետաձգված սպառման էֆֆեկտ կա։

Խոսելով նաև գնաճի մասին՝ ԿԲ նախագահն ասաց, որ արտաքինից եկող ալիքները չեն դադարում, և միջազգային ապրանքահումքային շուկաներում ապրանքների գները շարունակում են աճել, որը նաև ինչ-որ տրանսլյացիա կլինի Հայաստան։

«Ակնկալում ենք, որ մինչև տարվա վերջ գնաճի որոշակի արագացում կարող է տեղի ունենալ ու եթե նույնիսկ այս տարի մեզ չհաջողվի մեր թիրախին հասնել, մենք մյուս տարի գնաճի տեսանկյունից հասնելու ենք մեր թիրախին»,- ասաց ԿԲ նախագահը։ 
      
Նա նշեց, որ 2021 թվականը ևս հեշտ տարի չի լինելու, որովհետև կան կուտակված խնդիրներ, որոնց արտացոլումը մենք 2021 թվականին դեռևս կտեսնենք, ուստի իրենք բանկերի հետ անընդհատ աշխատում են, որպեսզի բանկերի բալանսները հնարավորինս ճշգրիտ արտացոլեն այն իրական իրավիճակը, որը կա։   

Խոսելով նաև դոլար-դրամի ազդեցությունը տնտեսության վրա, Մարտին Գալստյանն ասաց, որ  դա ազդել է տնտեսության վրա այնպես, ինչպես ազդել է միշտ, ինչ-որ տարօրինակ ազդեցություն չի եղել, քանի որ էական տատանումներ էլ չեն եղել։