Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք հողի հարկ ենք տալիս, որ փոշի՞ շնչենք»․ արագածավանցիները բողոքում են իրենց բերքն ու առողջությունը փչացրած պերլիտի հանքի շահագործման հետևանքներից

 
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում գյուղացիները բարկացած են, բողոքի ակցիա են կազմակերպել։ Համայնքում գործող պերլիտի հանքի փոշին փչացնում է գյուղի բերքը, վտանգում գյուղացիների և նրանց անասունների առողջությունը։ Նույնիսկ ծիրանի վրա դրված փոշու պատճառով արտահանողները հրաժարվել են գնել բերքը։
 
 Գյուղացիների պահանջն է գործարանների պատշաճ աշխատանքի ապահովումը, որը չի վնասի գյուղը․ «Չենք ասում զավոդները կանգնեն, չաշխատեն։ Թող մարդավարի սարքեն, աշխատեցնեն, մեզ վնաս չտան, մեր աշխատանքը մնա մեզ։ Կարգ կա․ Եվրոպայում էս ձևով մեկ օր չի աշխատի գործարանը»։
 
 Գյուղացիների խոսքով՝  հանքի փոշու խնդիրը նոր չէ։ Տարիներ շարունակ բողոքել են, որ հարցը լուծվի, սակայն ոչ մի արձագանք չի եղել։ Ստեղծված իրավիճակում էլ մեղադրում են գյուղի նախկին գյուղապետ, հանքը շահագործող Էդիկ Ամիրխանյանին։
 
 «Էսօր էս փոշու գործարանի տնօրենը նախկին թալանած գյուղապետն ա։ Հինգ հարյուր հեկտար հող վարձակալային վեկալեց, տարիներ շարունակ չի շահագործել, հողի հարկերը չի տվել։ Ես «Թալին» ՋՕԸ-ի վերահսկողության պատասխանատուն եմ,  հինգ միլիոն դրամ էլ ջրի փող ա պարտք, չի էլ տալիս։ Հինգ հարյուր հեկտար հողը ծախեց, 9  միլիոն դոլարի իրան զավոդ առավ։ էսօր էլ էս ձև աշխատում ա, ժողովրդին էլ չորացրին պրծան», - նշեց ակցիայի մասնակիցներից  մեկը։
 
 Նրա խոսքով՝ հանքերն  անօրինական են շահագործվում, գործարաններն աշխատում են առանց լիցենզիայի, ու շատ քիչ հարկեր են մուծում․ «Ամեն զավոդի տնօրենը մի միլիոն դրամ ա հարկ տալիս, որ պետք ա քսան, երեսուն տային, որ գյուղում հնարավոր լիներ ճանապարհներ կառուցել, զարգացնել»։

 Ըստ գյուղացիների՝ բոլոր հանքերը ձևակերպվել են՝ որպես արոտավայր։ Ամեն ավագանու անդամի քսան հեկտար հանք են տվել․ «Բայց հանքերը բոլորը ծախած ա։ Չեմ հասկանում՝ իրանց հոր տնի՞ց են էս հողերը բերել։ Հերի՛ք եղավ, մենք արդեն հոգնել ենք, արդեն զզվել ենք»։
 
 Գյուղացիները  դիմեցին անձամբ վարչապետին, որպեսի նա խնդիրը լուծի։ «Ձեզնից առաջ էն թալանչիները ոչ մի օգնություն չցուցաբերեցին։ Սաղ հներն են, կերել են, օբսիդիան Արագածավանի գյուղապետը իրա բարեկամներով, ծախել, կերել ա։ Ես զարմանում եմ, բնապահպանության նախարարությունը ինչի՞ համար է, որ մեզնից կոպեկները հավաքեն տանեն, 3, 4 միլիոն աշխատավարձ ստանան, մենք էլ էստեղ փոշու մեջ՝ մեր էրեխեքով, մեր այգիներով խեղդվում ենք», - ասացին գյուղացիները։
 
 Գյուղում  նաև ջրի ոռոգման խնդիր կա։ Գյուղացիների խոսքով՝ 15 օրը մեկ ջրերն անջատում են։ Անասնապահությամբ էլ հնարավոր չէ զբաղվել․ «Անասունների մեջ հիվանդություններ են ընկնում, անասուն կա չի էլ փրկվում»։
 
 Արագածավանցիները պատրաստվում են փակել բոլոր ճանապարհները, եթե այս անգամ էլ խնդրին լուծում չտրվի։ «Քանի օր է մառախուղ է էստեղ։ Մենք հողի հարկ ենք տալիս, որ փոշի շնչե՞նք։ Ո՞վ բարոյական իրավունք ունի ամբողջ փոշին կապի Արագածի վրա, մեր երեխաների վրա․ մենք ենք շնչում էս ամեն ինչը։ Հազար անգամ մարդ բերեցինք էն ժամանակ։ Փակեք, սարքեք, փոշին կտրեք։ Նրանք ուրիշ մարդիկ էին, իրանք զբաղված էին թալանով, հիմա դո՛ւ էս ժողովրդի հարցը լուծի», - դիմելով վարչապետին, ասացին գյուղացիները։
 
Սյուզի Սիրականյան