Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պահանջը մեր հայրենիքի վերադարձն է, Արցախի ճանաչումը»․ հադրութցիներն ու շուշեցիները իրենց հայրենիքն են պահանջում

«Պահանջը մեր հայրենիքի վերադարձն է, Արցախի ճանաչումը»․ հադրութցիներն ու շուշեցիները իրենց հայրենիքն են պահանջում
Հասարակություն
17:54, 04 март 2021
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությանն վարչության անդամ Իրա Թամրազյանը Civic.am-ի հետ զրույցում պատմեց, որ  դեսպանատների մոտ ակցիայից դեռևս արձագանքներ չկան, բայց սպասում են, հույս ունեն, որ կլինեն։
«Շարունակում ենք պահանջել մեր հողերի վերադարձը», - նշեց նա։

Տիկին Թամրազյանի խոսքով՝ ակցիայի մասնակցիները պարբերաբար  դիմում են դեսպանատների, հաճախ հանդիպումներ են ունենում պատգամավորների հետ, փորձում գտնել ուղիներ Արցախի հարցը աշխարհով մեկ լսելի դարձնելու համար։

Այս պահին 13500 հադրութցի է բնակվում Հայաստանում։ Տիկին Թամրազյանի խոսքով՝ արցախցիները կառավարությունից ստանում են օգնություն, սակայն, հարցին թե՝ գույքի փոխհատուցման խոստում կառավարությունից չկա՞, այսպես պատասխանեց․ «Մենք կառավարություն  գույքի փոխհատուցման հարցով չենք դիմել, քանի որ պահանջը մեր հայրենիքը վերադարձնելն է, Արցախի ճանաչումը»։ 

Նրա խոսքով ՝ եթե դեսպանատներից սպասված պատասխանն այդպես էլ  չստանան, նախաձեռնության հետագա քայլերը նույնն են լինելու․ «Անկախ ամենինչից  շարունակելու ենք պայքարել  այնքան ժամանակ, մինչև հարցին լուծում տրվի»։ 

Հիշեցնենք, որ «Հանուն Հադրութի» ՀԿ-ն այսօր ակցիա էր իրականացնում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների մոտ։ Ակցիային մասնակցում էին Հադրութի, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի բնակիչները։  Հավաքվածները պահանջում էին վերդարձնել Հադրութը, կորցրած  հայրենի հողերը։

Սյուզի Սիրականյան