Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարարն ու աշխատակիցները ողջ գիշեր արգելափակված են եղել ՊՆ-ում․ այս պահին էլ չեն կարողանում դուրս գալ

Պաշտպանության նախարարն ու աշխատակիցները ողջ գիշեր արգելափակված են եղել ՊՆ-ում․ այս պահին էլ չեն կարողանում դուրս գալ
Հայաստան
11:17, 09 апрель 2021
Երեկվանից արգելափակված է Պաշտպանության նախարարության շենքը, աշխատակիցները ողջ գիշեր մնացել են շենքում, մինչ այս պահը չեն կարողանում դուրս գալ։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեցին Պաշտպանության նախարարությունից։ 

44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց  հարազատները երեկ կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ փակելով շենքի մուտքերն ու ելքերը։ 

Մեր հարցին, թե որն է իրենց պահանջն այսօր, բողոքի ակցիայի կազմակերպիչ Արսեն Ղուկասյանն ասաց․ «Հենց էս պահին էլ նախարարության շենքի մոտ ենք, պահանջում ենք մեր երեխաներին»։ Նա նաև տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարն էլ է շենքում․ «Նախարարը հենց այս պահին դուրս եկավ շենքից, պտույտի»։ Մեր դիտարկմանը՝ իսկ չե՞ք ուզում հանդիպել նախարարին՝ անհետ կորածի հարազատն արձագանքեց․ «Մենք ոչ մեկի հետ էլ չենք ուզում հանդիպենք, մեր պահանջը մեր երեխեն ա, թող տան մեզի, մենք էլ գնանք։ Էս հարցը թե Պաշտպանության նախարարը կլուծի, թե գենշտաբի պետը կլուծի, դա մեր խնդիրը չի, թող մեր երեխեքին տան մեզ»։ 

Նարա Մարտիրոսյան