Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Լիլի Դրմեյանը մերժեց լրագրողների միջնորդությունը` փոխարենը բավարարելով Ծառուկյանի պաշտպաններինը. նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ այսօր նշանակված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի համարվող գույքի բռնագանձման գործով դատական նախնական նիստը։ Այսօրվա նիստի ընթացքում դատախազը պետք է ներկայացներ հայցի հիմքն ու առարկան։

Նիստի մեկնարկին պատասխանողների փաստաբաններն առարկեցին, որ դատական նիստը տեսանկարահանվի՝ պատճառաբանելով, որ  տեսանկարահանումը կարող է իրենց պաշտպանյալին վնաս հասցնել։ Պատասխանողներ Տիգրան և Արմինե Մանուկյանների ներկայացուցիչն էլ պատճառաբանեց, որ կան բավականին տեղեկություններ իրենց վստահորդների մասին, որոնք, իրենց կարծիքով, չպետք է հանրայնացվեն։

Հիշեցնենք, որ նիստը դռնբաց է, և ցանկացած անձ կարող է գալ և ներկա գտնվել՝ ինչպես նաև կատարել ձայնագրություն։ Հետևաբար պաշտպանների պատճառաբանությունները անհիմն էին ու անտրամաբանական։

Կոլյա Ծառուկյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանն էլ առարկեց նիստը տեսաձայնագրելու և հեռարձակելու միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ նոր է ներգրավվել, գործին ծանոթ չէ, և հնարավոր է համարում, որ նիստի ընթացքում կարող են բանկային գաղտնիքի մասին տեղեկություններ հրապարակվեն, որը չպետք է հեռարձակվի։

Մինչդեռ բանկային գաղտնիք հրապարակելու դեպքում դատարանը անցնում է փակ ռեժիմի և դուրս են գալիս նաև նիստին ներկա և դատավարության կողմ չհանդիսացող մասնակիցները, ուր մնաց, թե կարողանան ձայնագրել։

 Դատավոր Լիլի Դրմեյանը, ի վերջո, մերժեց լրագրողներիս միջնորդությունն ու չթույլատրեց տեսաձայնագրություն իրականացնել։
 
Հաջորդիվ Վարազդատ Ասատրյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, իրեն տալ ողջամիտ ժամկետ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Այս միջնորդությանը միացավ նաև Գագիկ Ծառուկյանի մյուս ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը։
 
Դատախազն առարկեց միջնորդության դեմ։ Նշեց, որ Գագիկ Ծառուկյանը, բացի Վարազդատ Ասատրյանը ևս 2 ներկայացուցիչ ունի նիստերի դահլիճում։
 
Դատավորը որոշում կայացնելու համար 2 րոպե ընդմիջում հայտարարեց։ Վերադառնալով որոշեց ժամանակ տրամադրել պատասխանող կողմին։
Հաջորդ նախնական դատական նիստ նշանակվեց փետրվարի 1-ին ժամը՝ 13։00-ին։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պահանջում է Ծառուկյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձել` 
  • 79 անշարժ գույք. 
  • 42 տրանսպորտային միջոց.
  • Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
  • Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
  • 10 անշարժ գույք, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին
  • 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
  • 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
  • 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
  • 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:
 
Վովա Հակոբյան