Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով կա ձերբակալված

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով կա ձերբակալված
Իրավունք
17:54, 15 апрель 2024
ՀՀ Ոստիկանությունը քիչ առաջ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է  Սամվել Վարդանյանին, որն այսօր խուլիգանական վարքագիծ էր դրսևորել հանրային  տրանսպորտում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ։
 
Հիշեցնենք, որ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը միջադեպից հետո  անդրադառնալով միջադեպին՝ գրել է. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է: Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նույնպես դատապարտել էր գործընկերոջ նկատմամբ տեղի ունեցածը և գրել. ««Ժեխ բիձա», «հակահայ վիժվածք» այս բառերով այսօր մի խուլիգան հարձակվել է հանրային տրանսպորտով երթևեկող պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա։ 
Հիշեցնեմ ուղղակի, որ Հակոբ Ասլանյանը 3 պատերազմների մասնակից է, 44-օրյային էլ վիրավորում է ստացել։ 

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս կեղտոտ պատվերն իջեցնողների ու կատարողների մասին։ Երեք պատերազմների մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է։ 

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, ու բնականաբար այս դեպքն էլ պատահականություն չէ. քանի դեռ կան վճարունակ պատվիրատուներ, պատվերը կատարելու պատրաստ խուլիգաններ միշտ էլ կգտնվեն։ Այս խուլիգանական բիոզանգվածն օգտագործելով՝ պատվիրատուները փորձում են երկու նպատակի հասնել՝ նախ փորձում են մաքսիմալ տպավորություն ստեղծել, թե հասարակության զգալի մասը իրենց պես անդաստիարակ է ու խուլիգան, և որ լավ կլինի, եթե հանրային վայրերում չլինենք։ Երկրորդ՝ փորձում են նման լկտի պահվածքով սադրել պաշտոնյաներին, որպեսզի վերջիններս մի անզգույշ բառ ասեն կամ արարք անեն, և հետո այդ արարքը մատի փաթաթան դարձրած ամիսներով ելույթներ ունենան՝ ՔՊ-ական պաշտոնյաների «ամենաթողության» մասին։ 

Էստեղ անելիք ունեն իրավապահ մարմինները։ Խուլիգանության բոլոր հատկանիշներին համապատասխան այս արարքը պիտի ստանա քրեաիրավական արժանի գնահատական»։