Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023-ին 10 անձ արդարացվել է, 2-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ, 9 պաշտոնատար անձ՝ դատապարտվել

2023-ին 10 անձ արդարացվել է, 2-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ, 9 պաշտոնատար անձ՝ դատապարտվել
Իրավունք
18:12, 15 апрель 2024
2023 թվականին 10 անձ արդարացվել է, 21 անձի նկատմամբ, մեղսունակության վերդիկտի հիման վրա, դատարանը կայացրել է բժշկական հարկադրանքի դատավճիռ: Դատապարտվածների ընդհանուր թվաքանակից 415-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել (6-ը՝ անչափահաս), 2-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ: Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Դատական պատասխանատվության ենթարկված անձինք 2023 թվականին» տեղեկանքից։ Ըստ Վիճկոմիտեի՝  նախորդ տարի դատապարտվել է 2 548 անձ, որոնցից 9-ը՝ պաշտոնատար անձ, 154-ը՝ զինվորական ծառայողներ, 6-ը՝ մինչև 18 տարեկան սովորողներ, 8-ը՝ 18 և բարձր տարիքի սովորողներ, 1894-ը՝ չաշխատող և չսովորող աշխատունակներ, ինչպես նաև արգելանքի տակ գտնվող  1  անձ։ Այլ՝   476։ 

Մասնավորապես երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած 1 547 անձ է դատապարտվել 2023-ին, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած՝  89 անձ, արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործություններ կատարած՝ 19  անձ։ Զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դատապարտված անձանց  թիվը նախորդ տարի կազմել է 4, զինվորական ծառայություն անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դատապարտվածներինը՝  95։ 

Մեծ թիվ են կազմում նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունները՝  352, որոնցից 26-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 1-ը՝ երկքաղաքացի, մնացյալը՝ ՀՀ քաղաքացի։ Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած և դատապարտած անձանցից  71-ը ՀՀ քաղաքացի է,  1-ը՝ երկքաղաքացի,  17-ը՝ օտարերկրյա պետության։   

Հաշվետու ժամանակաշրջանում դատապարտվել են ընդամենը  64 օտարերկրյա պետության քաղաքացի, 10 երկքաղաքացի։ 
Վիճկոմիտեն հրապարակել է նաև տեղեկություն հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների քննության կապակցությամբ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու վերաբերյալ։  2023թ. դատապարտվածների թվաքանակն ըստ հանցագործության տեսակների և ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ պատկերը.
Կաշառք ստանալը՝ 6, կաշառք տալը՝ 22, մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ 3,   պաշտոնեական կեղծիքը՝ 2, իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը՝ 2, վստահված գույքը հափշտակելը՝ 16։ 
 
Հ. Մ.