Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հետախուզվող դասալիքները թող ընտրություն կատարեն՝ կորոնավիրուսով հարուստ Հնդկաստանում կամ Բրազիլիայում ապրեն, թե՞ ապագա ունեցող Հայաստանում․

Հետախուզվող դասալիքները թող ընտրություն կատարեն՝ կորոնավիրուսով հարուստ Հնդկաստանում կամ Բրազիլիայում ապրեն, թե՞ ապագա ունեցող Հայաստանում․
Հայաստան
17:56, 29 апрель 2021
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց կառավարության կողմից զինվորական ծառայությունից խուսափած անձնանց նկատմամբ համաներում կիրառելու նախագիծը․ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառելու մասին կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020թ․ սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից և կամ զորահավաքային զորակոչից խուսափած ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություն կատարելու կասկածանքով մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ»։ 

Արդարադատության փոխնախարարը նշեց, որ համաներում հայտարարելով պատժից կազատվեն այն անձինք, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի․ «Համաներում հայտարարելով առաջարկվում է դադարեցնել պատժից վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ վերահսկողությունը, նաև քրեական գործի հարուցումը կմերժվի, հարուցված վարույթը կկարճվի և քրեական հետապնդումը կդադարեցվի»,-հավելեց նա։ 

Ըստ նախագծի համաներումը չի կիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր բացի նշված հոդվածից մեղադրվում կամ կարող են մեղադրվել, կամ դատապարտվել են Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով․ «Համաներումը չի կիրառվի նաև այն անձանց նկատմամբ, ովքեր 327-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործությունը կատարել են մեկ այլ գործով նշանակված պատժից վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով սահմանված փորձաշրջանի ընթացքում»։ 

Փոխնախարարի խոսքով համաներման շահառու են դառնալու նաև նշված հոդվածով հետախուզման մեջ գտնվող անձինք, ովքեր կամովի մինչև 2021թ դեկտեմբերի 31-ը կներկայանան համապատասխան մարմին։ Օրինակ եթե գործը դատարանի վարույթում է՝ ապա դատարան։ 

Խոսելով համաներման տակ ընկնող անձանց գործերից՝ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը գնում է մոտ՝ 5131 հետախուզման մեջ գտնվող և մոտ 124 դատապարտված անձանց մասին։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց ուղղեց  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին՝ կարևորելով  հեռակա կարգով համաներման հարցը լուծելը․  «Ենթադրում եմ, որ հետախուզման մեջ գտնվող 5131 հոգուց մեծ մասը ՀՀ-ից դուրս են, հակառակ դեպքում հայտնաբերված կլինեին։ Այս համաներման շահառուների մի մասը գտնվում են այլ երկրներում՝ ոչ օրինական կարգավիճակով և եթե հանկարծ սահմանը հատեն իրենք դեպարտացիայի կենթարկվեն և երբևէ չեն կարող մտնել այդ երկիր։ Այդ մարդիկ ունեն ընտանիքներ, նաև տվյալ երկրի կողից պայման կա դրած, որ 3 կամ 5 տարի չպետք է հատեն սահմանը։ Իմ տեղեկություններով այդ հետախուզման մեջ գտնվող մարդկանց կեսը այս իրավիճակում է գտնվում և երբևէ չեն հատի սահմանը»,-նշեց Արմեն Խաչատրյանն ու ընդգծեց, որ այդ 5000 հոգուց կարող է 4000-ը չգան, և իրենք խնդրում են՝ ասում են հնարավորություն տվեք իրենց ՀՀ-ում գտնվող մտերիմների կողմից լիազորագրով իրականացնելու այդ համաներման գործընթացը, իսկ հետո կգան։

Ի պատասխան պատգամավորի՝ փոխնախարարն ընդգծեց, որ նախագծի էությունն այն է, որ հետախուզվողները կամովի ներկայանան։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ շեշտեց թե այդ դեպքում հետախուզվողները թող ընտրություն կատարեն՝ կորոնավիրուսով հարուստ Հնդկաստանում կամ Բրազիլիայում ապրեն, թե՞ ապագա ունեցող Հայաստանում։