Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ կտա զինծառայությունից խուսափածների համաներումը՝ վերադարձ հայրենի՞ք, թե՞ ծառայության գաղափարի վարկաբեկում

Ինչ կտա զինծառայությունից խուսափածների համաներումը՝ վերադարձ հայրենի՞ք, թե՞ ծառայության գաղափարի վարկաբեկում
Քաղաքականություն
21:42, 09 апрель 2021
ՀՀ Կառավարությունը նախատեսում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած՝ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից, և/կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ համաներման կարիք չկա՝ առավել ևս այս պատերազմից հետո։ «Այդ մարդիկ վաղուց խաչ են քաշել Հայաստան վերադառնալու վրա։ Նրանք որևէ բան չեն արել ներում վաստակելու համար, ենթադրում եմ՝ իշխանությունները նախընտրական նկատառումներից ելնելով ընդունում են նման որոշում։ Ստացվում է, որ այն մարդկանց որդիները, որ այս պատերազմին մասնակցել են, կռվել են, մի մասը զոհվել է, մի մասը վիրավորվել է և փաստորեն ստացվում է, որ այդ մարդիկ էլ կարող էին իրենց երխաներին ապահով ուղարկել արտերկիր ու հետ այս իշխանություններից նման նվեր ստանա», - ասաց նա։

Հարցին, թե ինչ նախընտրական նկատառումների մասին է խոսքը, երբ զինծառայությունից խուսափողները ՀՀ-ից դուրս են, Վրթանեսյանը արձագանքեց․ «Ճիշտ եք ասում, ենթադրում եմ՝ բարեկամների ու հարազատների համար գուցե, բայց ես էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչ կտա դա ներկայիս իշխանություններին՝ բացի ծառայության գաղափարը վարկաբեկելուց»։

Փորձագետ Վան Համբարձումյանն ասաց, որ իր տեղեկություններով՝  իշխանական պատգամավորները քննարկում են զինծառայության այլընտրանքային տարբերակներ: «Ուզում են շահագրգռեն, որ բարենպաստ պայմաններով գան ծառայեն, որքան տեղյակ եմ՝ նախատեսվում է երկու տարի զինծառայություն, բայց վճարովի»։

Իսկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ վերջապես  իշխանությունը մեկ դրական նախաձեռնություն արեց՝ քրեական հետապնդում չի իրականացվելու և դա մեր հայրենակիցների շահերից է բխում։ 

«Գուցե ծառայությունից խուսափած անձանց հնարավորություն տրվի կամավոր ծառայել, բայց ովքեր արդեն խուսափել են և վաղուց Հայաստանում չեն՝ չպետք է պարտադիր լինի, որովհետև տարբեր հանգամանքների բերումով են մարդիկ հայտնվել արտերկում, և այնպես չէ, որ իրենք հատուկ հենց բանակից են հեռացել», - ասաց իրավապաշտպանը։

Ալեքսանյանի խոսքով՝ կան շատ դեպքեր, որ 10 տարուց ավելի դրսում են զինծառայությունից խուսափողները և շատ են ուզում գալ Հայաստան, բայց ոչ այդ գումարն են կարողանում վճարել, ոչ էլ կարող են գալ։

 
Գեղամ Ադյան