Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր Եդեսիա համայնքի ղեկավարը 2013-2021թթ. ընթացքում թույլ է տվել չարաշահումներ, համայնքի բյուջեից յուրացրել՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ․ՔԿ

Նոր Եդեսիա համայնքի ղեկավարը 2013-2021թթ. ընթացքում թույլ է տվել չարաշահումներ, համայնքի բյուջեից յուրացրել՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ․ՔԿ
Իրավունք
11:30, 07 октябрь 2021
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

«Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը 2013-2019թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով առերևույթ հափշտակել է 40.000.000 ՀՀ դրամ արժեքով 11 կիլոմետր երկարությամբ ցինկապատ խողովակաշարը և դրանք օտարել:

Այնուհետև, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, 2016-2021թթ. ընթացքում, ավտոմեքենայի անսարք լինելու պայմաններում, վառելանյութ ձեռք բերելու համար, համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 4.500.000 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել:

Բացի այդ, 2018թ. ընթացքում, համայնքապետարանի համար նոր գույք գնելու պատրվակով, համայնքի բյուջեից դուրս է գրել 516.200 ՀՀ դրամ գումար և այն օգտագործել իր անձնական կարիքների համար:

Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: