Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լուսինե Սահակյանը դատարանին չի տեղեկացրել իր ներկայությունը խոչընդոտող որևէ հարգելի պատճառի առկայության մասին»․ դատավորը անհարգելի համարեց Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայությունը

«Լուսինե Սահակյանը դատարանին չի տեղեկացրել իր ներկայությունը խոչընդոտող որևէ հարգելի պատճառի առկայության մասին»․ դատավորը անհարգելի համարեց Արմեն Գևորգյանի պաշտպանի բացակայությունը
Իրավունք
13:51, 19 октябрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Այսօրվա նիստում դատարանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ այսօր չի կարող ներկայանալ դատական նիստին՝ մեկ այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով։ 

«Դատարանն արձանագրում է, որ Լուսինե Սահակյանը դատարանին չի տեղեկացրել իր ներկայությունը խոչընդոտող որևէ հարգելի պատճառի առկայության մասին, հետևաբար այս պահին դատարանը հիմքեր չունի հետևության հանգելու առումով, թե ինչու Լուսինե Սահակյանը չի ներկայացել նիստին՝ հարգելի պատճառով»,-ասաց դատավորը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց դատավորի հայտարարության դեմ, քանի որ  պաշտպան Լուսինե Սահակյանի դատավարական կամ ավելի շուտ ոչ դատավարական վարքագիծը բավականին պարզ է յուրաքանչյուրի  համար։

«Լուսինե Սահակյանը նախորդ դատական նիստին իր դրսևորած վարքագծով և դատական նիստերին հետագայում ներկայանալու մասին արած իր հայտարարությամբ, ըստ էության, փարատել է դատարանի կասկածները՝ նրա չներկայանալու  պատճառների հետ կապված։ Լուսինե Սահակյանը սույն գործով դատական քննությանը ներգրավվել է դատական քննությունն անհնարին դարձնելու նպատակով։  Սա շատ ակնհայտ է և դա անում է ցանկացած եղանակով՝ դատարանում կանգնելով և չնստելով, ձեր օրինական կարգադրություններին չենթարկվելով, դատական նիստերի դահլիճը լքելով, ապօրինաբար, դատական նիստերին չներկայանալով՝ առանց ձեզ տեղեկացնելով»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Նա նշեց, որ քանի որ այսպիսի վարքագիծը խոչընդոտում է դատական քննությանը, քանի որ խոչընդոտում է այն աստիճան, որ արդարադատությունը վերածվում է ուշացած հետևաբար նաև գոյություն չունեցող արդարադատության, քանի որ պաշտպանը կարողանում է այդ եղանակով հասնել իր հետապնդած ակնհայտ ոչ դատավարական նպատակին, դատարանն իրենց կարծիքով պետք է շատ ավելի հետևողական լինի այդ վարքագիծն ապահովելու հարցում։ 

«Եվ այս դեպքում, ես միջնորդում եմ՝ Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, ավելի խիստը քան նախորդ դատական նիստին՝ արձանագրելով նրա չներկայանալու անհարգելիությունը»,-ասաց Գևրոգ Բաղդասարյանը։ 
     
Լսելով դատախազի դիրքորոշումը դատարան արձանագրեց, որ արդեն երկրորդ դատական նիստն է հետաձգվում Լուսինե Սահակյանի պատճառով, հետևաբար հաջորդ դատական նիստին վերջինիս չներկայանալու դեպքում դատարանը պետք է քննարկի այլ պաշտպան ներգրավելու հարցը։

Այնուհետև դատարանը հայտարարեց ընդմիջում, որպեսզի պարզի Լուսինե Սահակյանի բացակայության պատճառները։