Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի՝ Սյունիք կատարած այցը հայհոյանքներով խոչընդոտածների գործով դատական նիստը հետաձգվեց

Վարչապետի՝ Սյունիք կատարած այցը հայհոյանքներով խոչընդոտածների գործով դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
17:23, 02 ноябрь 2021
Այսօր, Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվեց Մեղրիում և Ագարակում վարչապետի դեմ հայհոյանքներով զուգորդված բողոքի ակցիաների մասնակիցների գործով դատական նիստը։ 

27 ամբաստանյալ, որոնցից մեկը՝ անչափահաս, մեղադրվում են 2021թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներ այցի ընթացքում կատարած խուլիգանության հոդվածի հատկանիշներով։ Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի, նրանք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ 27-ից 23-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, որով նախատեսվում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով կամ կալանք մեկ ամիս ժամկետով։

4 հոգու մեղադրանքը ավելի խիստ է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետեր։ Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին, կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող, կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով։ Այս պարագայում նախատեսված է պատիժ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ամբասատանյալները խոչընդոտել էին այս տարվա ապրիլի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ագարակ եւ Մեղրի՝ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնելով նրա հասցեին, բարձրանալով ՊՊԾ մեքենայի վրա եւ պահանջելով հեռանալ Մեղրիից։

Չնայած այս ամենին՝ Քոչարյանի համակիրների կազմակերպած ակցիան հակառակ էֆֆեկտ ունեցավ, և հունիսի 20-ի ընտրություններում Սյունիքը ընտրեց Փաշինյանին՝ կոպիտ կերպով մերժելով Քոչարյանին։ 

27-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Դատական նիստը, սակայն, հետաձգվեց ամբաստանյալներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելու և մյուսի՝ վիրահատվելու պատճառով։