Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինված խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի գործով որպես վկա հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը

Զինված խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի գործով որպես վկա հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը
Իրավունք
15:51, 15 апрель 2021
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայորւմ շարունակվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուսների գործով դատական նիստը։

Civic.am-ը տեղեկացավ,որ այսօրվա նիստում որպես վկա հարցաքննվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը)
 և ՀՀ   քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ  (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով։

Ըստ մեղադրանքի, Դավիթ Համբարձումյանը  2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Նշենք նաև, որ Դավիթ Համբարձումյանը Արարատի մարզի մի խումբ համայնքապետերի հետ պահանջում էր վարչապետի հրաժարականը և իր թիմով մասնակցում էր ընդդիմության հանրահավաքներին։