Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Չարչյանի պաշտպանը միջնորդեց դատարանին դիմել ՍԴ՝ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման անհնարինության մասով

Արմեն Չարչյանի պաշտպանը միջնորդեց դատարանին դիմել ՍԴ՝  ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման անհնարինության մասով
Իրավունք
14:16, 22 ноябрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ընթանում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօրվա նիստում միջնորդեց, որպեսզի դատարանը, ղեկավարվելով  Սահմանադրության 189-դ հոդվածի 4-րդ մասով, դիմի ՍԴ՝ Սահմանադրության ուժով պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման անհնարինության մասով և Սահմանադրության 96-րդ հոդվածի համապատասխանության հարցը քննելու համար։

Հայտնելով իր դիրքորոշումը՝ մեղադրող դատախազն ասաց, որ ՍԴ դիմելու կարիք չկա, և խնդրեց ներկայացված միջնորդությունը մերժել։
Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ 

Որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 12.00-ին։