Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը փաստաբանին լիազորել էր հանդես գալ ոչ թե ՀՀ անունից, այլ վարչապետի, իսկ այս գործով վարչապետը պատասխանող չէ. Քոչարյանի փաստաբանը բացարկ հայտնեց դատավորին

Վարչապետը փաստաբանին լիազորել էր հանդես գալ ոչ թե ՀՀ անունից, այլ վարչապետի, իսկ այս գործով վարչապետը պատասխանող չէ. Քոչարյանի փաստաբանը բացարկ հայտնեց դատավորին
Իրավունք
14:53, 10 январь 2022
«Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող փաստաբանը այդ իրավունքն ունի՝ հանդես գալու ՀՀ անունից, սակայն լիազորագիրը տրված էր  կոպիտ խախտումով։ Լիազորագիրը տրված էր Հայաստանի վարչապետի կողմից, ու թեև վարչապետն ինքը իրավունք ունի ՀՀ անունից հանդես գալու, այդ թվում նաև լիազորելու որևէ անձի հանդես գալ ՀՀ անունից, բայց տվյալ դեպքում վարչապետը փաստաբանին լիազորել էր հանդես գալ ոչ թե ՀՀ անունից, այլ հանդես գալ վարչապետի անունից, իսկ այս դատավարությունում վարչապետը պատասխանող չէր, պատասխանող է ՀՀ-ն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» քաղաքացիական հայցով դատական նիստը։   

Նշենք, որ հայցվոր կողմն իր հայցադիմումով պահանջել է հերքել Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը և հօգուտ Քոչարյանի բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ:

Այնուհետև Հայկ Ալումյանն ասաց, որ դատավորը, իր գնահատմամբ, աբսուրդային բան է հայտարարել՝ ասելով, որ երբ իրենք ՀՀ-ն ներգրավել են որպես պատասխանող, մի հատ էլ պիտի նշեին, թե ՀՀ անունից, որ մարմինը պիտի գա դատարան։ Ալումյանի խոսքով՝ այսպիսի պահանջ օրենքում չկա։ 

«Դատավորն ամեն ինչի գնաց, այդ թվում նաև այս աստիճանի օրենքը աղավաղելու, զուտ որպեսզի արդարացնի այդ լիազորագրի բովանդակությունը։ Եվ մենք հիմա համարում ենք, որ եթե դատավորն այն աստիճանի է կաշկանդված վարչապետից, որ ակնհայտ խախտմամբ տրված լիազորագիրն ինքը ընդունում է՝ այդ ընթացքում աղավաղելով օրենքը, ապա ինքը բնականաբար չի կարող այս գործով օբյեկտիվ որոշում կայացնել, որովհետև այս գործով շատ ավելի լուրջ բան է քննարկվում, քան ընդամենը մի հատ լիազորագրի օրինական լինել-չլինելը։ Այս գործով քննարկվում է քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կողմից զրպարտչական հայտարարություններ անելու հանգամանքը և նաև ՀՀ անունից իմ վստահորդի անմեղության կանխավարկածը խախտելու հանգամանքը»,- ասաց Հայկ Ալումյանը։