Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ անձինք օրենքի նկատմամբ դատավորների գերակայության նպատակ ունեն․ Լուսինե Հակոբյանը՝ դատավոր Բախշիյանի կալանքի շուրջ աղմուկի մասին

«Կցանկանայի փաստերին անդրադառնալ, իսկ փաստերը, ըստ դատախազության,  հետեւյալն են․ (ես նաեւ ուզում եմ վերապահում անել, քանի որ հեռու եմ այն մտքից, որ դատախազությունն ամեն ինչ հստակ, ճիշտ, ազնվորեն մեզ տեղեկացնում է): Մի քրեական գործով դատավոր Բորիս Բախշիյանը նիստը բացելուց հետո պարզելով, որ մի ամբաստանյալ եւ մի քանի պաշտպաններ նիստին չեն ներկայացել այն պարագայում, երբ տվյալ ամբաստանյալի պաշտպանը նախապես տեղյակ է պահած լինում դատարանին, որ ինքը չի կարողանալու ներկայանալ դատական նիստին, ամբաստանյալն էլ, որպեսզի առանց պաշտպանի չգա դատական նիստին եւ անպաշտպան իրավիճակում չհայտնվի՝ ինքը եւս չի ներկայացել, պաշտպանների եւ ամբաստանյալի բացակայությամբ, անցնում է տվյալ ամբաստանյալի նկատմամբ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը փոխելու հարցի քննությանը և, առանց տվյալ ամբաստանյալին և նրա պաշտպանին լսելու, որոշում է նրա նկատմամբ որպես փախանման միջոց կիրառել կալանքը, եւ ամբաստանյալին զրկում է ազատությունից»։

Դատավոր Բորիս Բաշխիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի մասին «Հանրային Ռադիո»-ի «Քաղաքական շաբաթօրյակ» հաղորդման ժամանակ խոսել է  «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը: Մեկնաբանելով ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից բարձրացրած մեծ աղմուկը` Լուսինե Հակոբյանը շարունակել է. 

«Ըստ դատախազության՝ տվյալ ամբաստանյալը կալամավորվում է, ՔԿՀ-ում որոշակի ճնշումների է ենթարկվում, հաջորդ նիստին ներկայանում է, եւ այս նույն դատավորը, առանց որեւէ հանգամանքի փոփոխության, վերացնում է խափանման միջոց կալանքը, ազատ է արձակում նրան, ինչից անմիջապես հետո տվյալ ամբաստանյալը փոխում է իր ցուցմունքը՝ ամբաստանյալներից մեկի դեմ ։ Դատավորը նաեւ փոխում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, առաջինը խոսելու հնարավորություն է ընձեռում տվյալ ամբաստանյալին։ Հիմա, հնարավո՞ր է՝ այդ վարկածը, որ կալանավայրում նրա վրա ազդեցություն է եղել, գոյություն ունենա։ Հնարավոր է։ Իրավունք ունի՞ դատախազությունը հարցնելու, թե ինչո՞ւ է այդպես եղել․ կարծում եմ՝ այս հանգամանքները արժանի են քննության։ Դրանցից ելնելով պետք է այս անձի նկատմամբ քրեական գործ հարուցվի, որովհետեւ Քրեական օրենսգրքում կա 348 հոդվածը, որը արգելում է անձին ապօրինի ձերբակալելը, կամ կալանքի ենթարկելը։ Ըստ էության, գործ է հարուցվել եւ այս փաստերը քննվում են։ 

Ի՞նչ է ասում այդ կապակցությամբ ԲԴԽ-ն․ ասում են՝ իրավունք ունի՞ այս փաստերի լույսի ներքո այս դատավորի առնչությունը, մեղքը այս ամենի հետ կապված քննվի,  ունի՛, մենք ինչո՞ւ պետք է խոչընդոտենք, հիմա դատախազությունը բերել է այս փաստերը, մենք էլ ասում ենք, որ այս վարկածն ունի կյանքի իրավունք։ Ըստ էության, իրենք հիմնավոր կասկածի վերաբերյալ դիրքորոշում չեն էլ արտահայտել, որպեսզի ճնշում եւ ազդեցություն չգործադրեն այն դատավորի վրա, որը քննելու է դատավոր Բախշիյանի կալանքի հարցը։ Ես կարծում եմ, որ սա շատ ռացիոնալ իրավիճակ է, եթե փաստերն այդպիսինն են»։

Փաստաբանի խոսքով, ԲԴԽ-ի պահվածքը շատ հետաքրքիր է․ «բավական տեւական ժամանակ տեսել ենք, որ ԲԴԽ-ն միատարր չէ, եւ միանշանակ որոշումներ չի կարողանում կայացնել, շատ դեպքերում դատավորների կողմից թույլ տված կոպտագույն խախտումները ԲԴԽ-ի կողմից համարժեք գնահատականի չեն արժանանում, որովհետեւ այնտեղ կա «դատավոր անդամներ եւ ոչ դատավոր անդամներ» բաժանումը, եւ «դատավոր անդամները», կլանային շահերով առաջնորդվելով, պաշտպանում են դատավորների շահերը, եւ եթե նրանք միաձայն քվեարկել են միջնորդությունը բավարարելու օգտին, ապա ինքնին այդ փաստը եւս խոսուն է, եւ այստեղ շատ տեղ չկա ԲԴԽ-ի կողմնակալության մասին խոսելու»։ 

Լուսինե Հակոբյանի խոսքով, պետք է ֆիքսել հիմնական խնդիրը․ այն է, ըստ դատախազության, անձը դատավորի մեղքով զրկվել է իր ազատությունից, խոսելու հնարավորություն չունենալու պարագայում, իսկ դա, արդեն, բավական լուրջ փաստ է, որպեսզի տեղի ունեցածը քննվի։ Հատկապես որ, ըստ փաստաբանի, ՄԻԵԴ-ն առաջնահերթություն է տալիս այն գործերին, որտեղ շոշափվում են անձի ազատության եւ անձնական անձեռնմխելության հետ կապված իրավունքների խախտումները։ 

Հակոբյանի խոսքով, այս պարագայում ունենք բողոքի ձայն բարձրացրած իրավաբանական համայնքի ներկայացուցիչների մի խումբ, «որոնց համար անձին ազատությունից զրկելն ուղղակի մի թեթեւ սխալ է, ի՞նչ անենք, որ դատավորը սխալվել է, հետո ի՞նչ, եւ այս դիրքորոշումները հնչում էին անգամ այն բանից առաջ, ինչ դատախազությունը փաստեր էր հրապարակում»։ 

«Ես ցնցված էի, երբ կարդացի, որ փաստաբաններից մեկը հայտարարում էր, թե՝ ես նույնիսկ չեմ էլ ուզում քննել, թե ինչ որոշում է դատավորը կայացրել, սա ուղղակի ճնշում է դատավորի նկատմամբ, արդարադատության նկատմամբ միջամտություն է եւ այլն։ Ուստի, ըստ էության, գալիս ես այն եզրակացության, որ այս անձանց ցանկացածը դատավորների գերակայությունն է օրենքի նկատմամբ»,- ասում է Հակոբյանը։  

Իսկ արդյո՞ք հիմնավոր են այն պնդումները, թե դատավորի դեմ քրեական գործի հարուցումը իրականում կապված է նրա՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով կայացրած որոշման հետ։ 

«Ես չեմ կարող ասել՝ կապ կա՞, թե՝ չկա, միգուցե իրենք ուզում են այդ կապն անպայմանորեն տեսնել, միգուցե եւ՝ կա, բայց ես սեղանին եղած փաստերն եմ քննության ենթարկում։  Չեմ ուզում ենթադրությունների գիրկն ընկնել, բայց մի օրինաչափություն էլի նկատվում է, որ երբ այդ հայտնի խմբակից ինչ-որ մեկի հարցն է բարձրանում, Փաստաբանների պալատը, այդ նույն շրջանակների իրավաբանական համայնքը անպայմանորեն ընդվզում են, իսկ երբ օրինակ՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ որպես Վերաքննիչ դատարանի դատավոր, քննում էր Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, նախկինում լինելով Քոչարյանի աշխատակազմի ներկայացուցիչ, որեւէ մեկը հարց չէր բարձրանում, որ այս դատավորը չի կարող անկանխակալ լինել , եւ այդ նույն համայքնի կողմից Ազարյանը փառաբանվում էր որպես ամենաօբյեկտիվ և անաչառ դատավոր»,- ասում է Հակոբյանը։ 

Նա հիշեցրել է, որ նույն Փաստաբանների պալատը, որը հանդես է եկել Բորիս Բախշիյանի պաշտպանությամբ, 2016-17թվականներին «Սասնա Ծռերի» գործի քննության ժամանակ փաստաբանների խուզարկության հետ կապված ոչ մի բողոք չի արտահայատել, մինչդեռ այդ խուզարկության հարցը պարզապես լուծվեց դատարանների շենքերում համապատասխան սարքավորումներ տեղադրելով։

«Նույն ՓՊ ղեկավարությունը այդ ժամանակ կարող էր միանալ փաստաբանական համայնքի այն ներկայացուցիչներին, որոնք ճնշման էին ենթարկվում տարբեր դատավորների կողմից եւ համատեղ ուժերով հասնել նրան, որ իշխանություններն այդ սարքերը տեղադրելուն ուղղված քայլերն ավելի շուտ ձեռնարկեն, բայց այդ ժամանակ իրենք դատավորների հետ ձեռք ձեռքի տված փաստաբանների նկատմամբ կարգապահական սանկցիաներ էին դակում»,- ասում է Հակոբյանը։ 

Իսկ արդյո՞ք ՄԻՊ Արման Թաթոյանը կխոսի այս դեպքի մասին եւ կհարցնի, թե ինչո՞ւ է դատավորը անձին այդպես զրկել ազատությունից։ 

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․ «Կարծում եմ, որ կասի՝ ինքը իրավասու չէ միջամտելու դատական գործընթացներին, որովհետեւ կարծում եմ՝ այս իրավիճակում ձայն բարձրացնելն իրեն ձեռք չի տալիս»։ 

Անդրադառնալով կատարվածի վերաբերյալ դատավոր Բախշյանի բացատրությանը՝ Հակոբյանը նշել է․ 

«Նա, ըստ էության, ասում է, որ ինքն առաջնորդվել է իր սեփական սկզբունքներով, բայց դատավորը պետք է առաջնորդվի օրենքով, որովհետեւ ամեն մեկի սեփական սկզբունքները շատ տարածական եւ տարբեր կարող են լինել։ Իսկ այստեղ մի քանի կոպիտ խախտումների մասին է խոսքը։ Դատախազության հայտարարության մեջ նաեւ ակնարկ կա, որ փաստերի ծավալը շատ ավելի ընդգրկուն է եւ իրենք չեն ցանկանում նախաքննության փուլում ամբողջ փաստերը հրապարակել, բայց, ըստ եղած փաստերի, արդեն իսկ խախտումները բավական կոպիտ են»։ 

Բախշիյանի գործով բողոքի ձայն բարձրացրածները հայտարարում են նաեւ, որ այդպիսով գործադիր իշխանությունը հարձակվել եւ ուզուրպացնում է դատական իշխանությունը։ 

Ի պատասխան այս հայտարարությունների Հակոբյանը նշել է․ «Այլ դատավորների նկատմամբ տարբեր կարգապահական վարույթներ են հարուցվում, (սա, իհարկե, քրեական գործ է, ուստի, առանձնանցնենք), բայց չեմ տեսնում, որ այլ դատավորների պարագայում նման շարժում լինի, նման բողոքի ալիքներ լինեն։ Ես տեսնում եմ, որ կա դատավորների կոնկրետ մի խումբ, եւ այդ խմբից որեւէ մեկի մազին եթե կպնում են, նույն շրջանակների կողմից աղմուկ է բարձրացվում։ Դա մտորումների տեղիք է տալիս»։ 

Հակոբյանի խոսքով այս իրավիճակին չհասնելու համար հեղափոխությունից հետո պետք է մի շարք շատ լուրջ եւ հրատապ քայլեր ձեռնարկվեին, այդ թվում՝ դատավորների թեկնածուների կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր եւ այլն, որպեսզի հնարավոր լիներ համակարգը համալրել նոր եւ ավելի պատրաստված կադրերով, զուգահեռաբար նաեւ ստեղծել այն համակարգը, որը հնարավորություն կտար ազատվել հին եւ կոռումացված դատավորներից, բայց այդ քայլերը դանդաղեցին։ 

Իսկ արդյո՞ք սա կարելի է անվանել նախկինների պայքար դատական համակարգի համար։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․ «Ես նույնիսկ չգիտեմ էլ՝ նախկիննե՞րն են, թե՞՝ հենց դատավորներն են պայքարում նրա համար, որ հաստատվի դատավորների գերակայություն եւ իրենք լինեն օրենքից վեր, այսինքն, որ եթե իրենք այդպես են որոշել, ապա կապ չունի՝ օրենքն ինչ է ասում, ուրեմն, իրենց որոշումը ճիշտ է, այսինքն, եթե դու դատավոր ես, եւ այսինչ որոշումն ես կայացրել, այլեւս այդ որոշումը պիտի քննարկման չդրվի, որովհետեւ կա դատարանի անկախություն։ Ըստ էության, այսօրվա այդ իրավական շրջանակների ասածը դա է, որ պետք է հաստատվի դատավորների գերակայություն, եւ դա, ըստ էության, դատավորների պայքարն է։ Կլանային, կաստայական մոտեցում է սա»։ 

Իսկ հնարավո՞ր է, որ հակառակ պարագայում դատավորները սկսեն վախենալ, որ ամեն գործից հետո կարող են գալ իրենց հետեւից եւ նրանք սկսեն կաշկանդվել։ 

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․ 

«Այո, բայց միեւնույն ժամանակ դատավորն իր ինստրուկցիաները չպետք է ինչ-որ շրջանակներից ստանա։ Իսկ մենք ունենք այն իրավիճակը, երբ մեր միջազգային որոշ գործընկերներ ընդդիմանում են դատական համակարգի վեթինգին, որովհետեւ ելնում են այն իրողությունից, որ եթե դատավոր է, ուրեմն՝ անկախ է։ Բայց կներեք, սա Գերմանիայի դատական համակարգը չէ․ չեմ ասում, որ այնտեղ բոլոր դատավորներն անկախ են ու անաչառ, բայց մեծամասնությունը անկախ է։ Իսկ մենք գիտենք, թե այստեղ ինչպիսի պատմական կոնտեքստի հետ գործ ունենք, երբ որ դատական համակարգում երեւի մատների վրա կարող էիր հաշվել անկախ դատավորներին։ 

Եւս մեկ հիշեցում, որ ոչինչ չի փոխվել։ Այն, որ երկրում եղել է հեղափոխություն, այդ համակարգի համար դա ոչինչ չի փոխել։ Իրենք իրենց հրահանգները ինչ շրջանակներից որ ստանում էին, այդ շրջանակներից էլ շարունակում են ստանալ։ Լավ, կան պնդումներ, որ դատավորների ինչ-որ մի մասն էլ այլ՝ իշխանական շրջանակներից է հրահանգներ ստանում, ես հիմա չեմ ցանկանում գնահատել՝ դա այդպե՞ս է, թե՝ ոչ, բայց այն, որ այն մի մեծ խումբը կաստայական եւ ամեն կերպ պաշտպանում են իրենց խմբակային շահը, փաստ է»։ 

Հակոբյանը նշել է նաեւ, որ դատավոր Բախշինյանի գործով բողոքի ալիք բարձրացրած անձինք նշում են, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի, թեեւ կային ժամանակներ, երբ այդ բողոքի ձայն բարձրացնողներն էին իշխանության, եւ երբ միջազգայինն հանրությունը գնահատականներ էր տալիս դատական համակարգում անկախության բացակայության մասին, իրենք ասում էին՝ «թող մեր գործերին չխառնվեն»։

«Ես հիշում եմ, որ ժամանակին Հրայր Թովմասյանն ասել էր միջազգային մի զեկույցի վերաբերյալ՝ «կարո՞ղ է մեզ 2 են դրել»։ Ասեց՝ «մենք անկախ, սուվերեն պետություն ենք»,- նշել է Հակոբյանը։ 

Որպես դատավորների շրջանում առկա խմբակային շահերի սպասարկման ապացույց Հակոբյանը մեկ այլ գործ էլ է հիշատակել․

«Այսօր Վարչական դատարանի 20 դատավորներ մեկ այլ հայտարարություն են տարածել՝ իրենց գործընկերոջ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։ Գործը կապված է Էդմոն Մարուքյանի կուսակցության ընտրական գործերից մեկի հետ։ Եւ Էդմոն Մարուքյանը բավական լուրջ հարց բարձրացրեց, ինչի հետ համամիտ եմ, նա ասում է՝ դուք այդ հայտարարությունը անում եք, մենք էլ այս գործը վերաքննության կարգով բողոքարկել ենք, հիմա էլ այն Վճռաբեկ դատարանում է, եթե այն բեկանվի ու էլի Առաջին ատյան գա, ձեզանից ո՞ր մեկն է այն քննելու, եթե դուք արդեն իսկ հայտարարություն եք արել այս գործի հանգամանքների հետ կապված»։ 

Հակոբյանի խոսքով դատական իշխանության շուրջ այս աժիոտաժը կարող է մտահոգություն առաջացնել նաեւ իրական անաչառ դատավորների մոտ, քանի որ «դատական իշխանության հեղինակությանը հասցված նման վնասը նաեւ տարածվում է նրանց վրա, հանրային ընկալումը տարածվում է ամբողջ համակարգի վրա, բացի դրանից, այդ դատավորները զսպվածության սկզբունքով պետք է առաջնորդվեն եւ շատ չեն կարող խոսել, ուստի, բնականավար, չեն կարող հայտարարություններ անել այն մասին, որ մենք այս կամ այն խմբին չենք պատկանում, մենք այս կամ այն ճամբարում չենք, ուստի, բնականաբար, իրենք եւս տուժում են այս իրավիճակից»։ 

Անդրադառնալով ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներին՝ Հակոբյանը նշել է, որ հեղափոխությունից անմիջապես հետո պետք էր կարճաժամկետ վերապատրաստումների համակարգ ներդնել, որպեսզի կարճ ժամանակում կարողանայինք պատրաստել փոխարինող կադրեր, միաժամանակ համակարգ սահմանել, որի միջոցով հնարավոր կլիներ զտել։ Հակոբյանի խոսքով, ի հեճուկս հնչող կարծիքների՝ իրականում մեր օրենսդրությունը դա թույլ տալիս է, ուղղակի կամք եւ կարողություն է պետք․ «Մի որոշ ժամանակ առաջ տեղեկություններ կային, որ մի խումբ ՀԿ-ներ նամակ էին գրել այն մասին, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս վեթինգ իրականացնել եւ այլն, հետո Արդարադատության ներկայիս նախարարը մի հանդիպում կազմակերպեց, այդ նույն ՀԿ-ներին հրավիրեց, եւ նրանք եկան տրամագծորեն հակառակ եզրակացության, այն է, որ Սահմանադրությունը խոչընդոտ չէ, հետեւաբար, այստեղ, ըստ իս, միայն կամք ու կարողություն է պետք»։ 

Փաստաբանի խոսքով, այս հարցում պետք է մի շարք շահագրգիռ կողմեր  սինխրոն աշխատեն՝ Արդարադատության նախարարությունը, ԲԴԽ-ն, ՀԿ-ները, իրավաբանները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները, պետք է լինեն այնպիսի խմբեր, որոնք կարող կլինեն եւ հետեւողական մանրադիտակի տակ պահելու պրոցեսները։