Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանքը փոխվեց․նա կլինի ազատության մեջ

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանքը փոխվեց․նա կլինի ազատության մեջ
Իրավունք
17:59, 02 май 2022
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանքը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի մայիսի 2-ի որոշմամբ փոխվեց։ Փարամազյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից։

Մանվել Փարամազյանի պաշտպանական կողմը միջնորդությունը ներկայացրել էր անցած ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին։ Դատարանը այս փուլում հետազոտում է գործում առկա ապացույցները։

Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Նա 2021թ.-ի հուլիսի 10-ին կալանավորվել էր, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին դատարանի որոշմամբ 70 մլն դրամի դիմաց փոխվել էր։ 2022թ-ի փետրվարի 7-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը բեկանեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ Փարամազյանը նորից կալանավորվեց։

Նշենք, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դատական գործը դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում էր։ Բախշիյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց եւ կալանավորելուց հետո գործը վերամակագրվել էր Լուսինե Սեփխանյանին։

Աղբյուր՝ aravot.am