Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց կաշառքի գործով առկա ապացույցները հետազոտել դռնփակ նիստում

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց կաշառքի գործով առկա ապացույցները հետազոտել դռնփակ նիստում
Իրավունք
15:54, 10 май 2022
Այսօր՝ մայիսի 10-ին, կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանական կողմից 3 միջնորդություն է ստացվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ինչպես նաև Արմեն Գևորգյանին ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու թույլտվության և նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի հավաքագրած ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նշեց, որ իր բացակայությունը նախատեսվում է մայիսի 17-20-ը՝ որպես ԵԽԽՎ պատգամավոր։ 

Մեղադրող դատախազը նշեց, որ այս միջնորդությունները ներկայացվում են այն միտումով, որպեսզի գործով ապացույցների հետազոտության փուլը հնարավորինս ձգձգվի, հետևաբար այդ միջնորդությունների համար առանձին ժամանակահատված պետք է տրամադրվի։ Եվ երբ դատավոր Աննա Դանիբեկյանը պատրաստվում էր անցնել ապացույցների հետազոտության փուլին, Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին տրամադրել 5 րոպե ընդմիջում իր ամբաստանյալի հետ դրսում խորհրդակցելու համար, սակայն դատավորը պահանջեց տեղում ցածր ձայնով խորհրդակցել։ Դատավորի այդ խոսքից հետո Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առանց դատարանի թույլտվության լքեցին նիստերի դահլիճը՝ խորհրդակցելու։ 

Պաշտպանների՝ նիստերի դահլիճ վերադառնալուն պես Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դռնփակ անցկացնել դատական նիստը, եթե դատարանը որոշել է հենց այս պահին հետազոտել գործում առկա ապացույցները, և ընդգծեց, որ տվյալ միջնորդությունը քննարկվի դռնփակ, ինչը բավարարվեց դատարանի կողմից։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու համար։