Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Աննա Դանիբեկյանը չթույլատրեց ամբաստանյալ Արմեն Գևորգյանին հունվարի 23-26-ը բացայակել Հայաստանից ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար՝ հիմնավորելով, որ նիստին հնարավոր է մասնակցել առցանց

Դատավոր Աննա Դանիբեկյանը չթույլատրեց ամբաստանյալ Արմեն Գևորգյանին հունվարի 23-26-ը բացայակել Հայաստանից ԵԽԽՎ նիստին մասնակցելու համար՝ հիմնավորելով, որ նիստին հնարավոր է մասնակցել առցանց
Իրավունք
14:06, 18 январь 2022
Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառքի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի փաստաբանի կողմից ներկայացվել էր միջնորդություն, որպեսզի Գևորգյանին թույլատրվի այս ամիս 23-26-ը կարողանա մասնակցել միջազգային միջոցառման՝ ԵԽԽՎ շրջանակներում, որը կապված է ԱԺ-ում իր գործունեության հետ։ 

Քանի որ միջոցառմանը հնարավոր է մասնակցել նաև առցանց, դատավոր Աննա Դանիբեկյանը ամբողջությամբ հիմնավորված չհամարեց հաջորդ դատական նիստից Արմեն Գևորգյանի բացակայության հիմնավորումը և չբավարարեց միջնորդությունը։

Գևորգյանի փաստաբանը դժգոհեց դատավորի որոշումից և պարզաբանումներ պահանջեց, Աննա Դանիբեկյանը, սակայն, նշեց, որ պարզաբանումներ տալու անհրաժեշտություն չի տեսնում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հավելեց, որ Արմեն Գևորգյանը իր կարգավիճակներից բխող երկու պարտավորություն ունի, որոնք հակասում են միմյանց։ Մեկը դա պատգամավորի կարգավիճակից բխող պարտավորությունն է, որով Գևորգյանը պարտավոր է ներկա գտնվել նիստերին, իսկ մյուսը, որպես ամբաստանյալ՝ ներկա գտնվել դատական նիստերին, բայց քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանադրական օրենք է, ապա ավելի գլխադասային է, հետևաբար միջնորդեց դատական նիստը հետաձգել և դատական նիստերը նշանակել այնպես, որ դատական նիստերը չխանգարեն ԱԺ գործունեությանը։

Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ այժմ քննարկվում է Էրիկ Ալեքսանյանի կողմից ՍԴ դիմելու միջնորդությունը, հետևաբար պետք է նախ այդ հարցը քննարկվի, ապա մյուս միջնորդությունները։

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին և չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին: Դրանից հետո խմբակցության պատգամավորները անգամ առցանց չեն մասնակցում ԵԽԽՎ նիստերին։

Պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց ընդմիջել դատական նիստը, որը Աննա Դանիբեկյանը բավարարեց։