Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործը միայն Ռոբերտ Քոչարյանի գործը չէ, մայր գործը նախաքննության փուլում է, կան մեղադրյալներ․ փաստաբան

Մարտի 1-ի գործը միայն Ռոբերտ Քոչարյանի գործը չէ, մայր գործը նախաքննության փուլում է, կան մեղադրյալներ․ փաստաբան
Իրավունք
17:10, 07 апрель 2021
Երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300․1 հոդվածը, որով Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուս նախկին պաշտոնյաներին, ՀՀ գլխավոր դատախազը դիմեց Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարական օրեսնգրքի որոշ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։

Գլխավոր դատախազի դիմումը Սահմանադրական դատարանն ստացել է ապրիլի 1-ին և քննության կառնի 30-օրյա ժամկետում։ Այս մասին Civic.am-ին հայտնել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

Որոշ փաստաբանների կողմից գլխավոր դատախազի այս քայլը դիտարկվեց իրավունքի շրջանակից դուրս, այսինքն ըստ նրանց՝ Արթուր Դավթյանը չուներ իրավունք դիմելու ՍԴ։ Սակայն միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀ գլխավոր դատախազը ուներ իրավունք Սահմանադրական դատարան դիմելու՝ վիճարկելու համար օրենսդրական նորմերի սահմանադրականությունը։ Փաստաբանի խոսքով նախկինում նման դեպքեր շատ են եղել, երբ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ, ուղղակի որպես կանոն դա եղել է Վճռաբեկ դատարանի վարույթն ավարտելուց հետո։ 

«Գլխավոր դատախազն իր դիմումով ցանկացել է ասել, որ ստեղծվում են իրավիճակներ, երբ տուժողը հայտնվում է անելանելի վիճակում, այսինքն զրկվում է իրավական պաշտպանության միջոցից, որից մեկը հենց այս՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությամբ ստեղծված իրավիճակն էր, երբ որ նորմը համարվում է հակասահմանադրական, փաստորեն մեղադրյալն արդարացվում է և արդյունքում տուժողը մնում է ձեռնունայն»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ ներկայացնելով գլխավոր դատախազի դիմումն ու հավելեց, որ Արթուր Դավթյանն իր դիմումում շեշտադրել է այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում օրենքը հնարավորություն չի տալիս գլխավոր դատախազին շարունակել քրեական հետապնդումը՝ արդյո՞ք սա Սահմանադրական երաշխիքներից չի զրկում տուժողներին։ 

Միջազգային իրավունքի մասնագետի դիտարկմամբ՝ նույնիսկ, եթե գլխավոր դատախազի դիմումը ՍԴ-ն վարույթ ընդունի՝ ապա դա Ռոբերտ Քոչարյանի գործի վրա չի ազդելու․ «Գլխավոր դատախազը ոչ թե կոնկրետ նորմն է վիճարկում Սդ-ում, այլ կարգավորման բացակայությունը»։ 

Մեր զրուցակցի տեսանկյունից՝ մինչև պաշտպանական կողմը ՍԴ դիմելը, դատախազությունը պետք է ընկալեր, որ Սահմանադրական կարգը տապալելու նորմն անորոշ է, և դատաքննության ժամանակ միջնորդություն ներկայացներ՝ մեղադրանքը ՔՕ 309-րդ կամ 308-րդ հոդվածներով փոփոխելու համար, այսինքն նախագահը չարաշահել է իր լիազորությունները։ Արա Ղազարյանը կարծում է դատախազության բացն է, որ հաշվի չի առնվել այն փաստերը, որ կա Վենետիկի հանձնաժողովի եզրահանգում, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ֆիքսված ընթացակարգ կա։

 Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ այս իրավիճակում ի՞նչ քայլեր կարող են անել տուժողները կամ նրանց ներկայացուցիչները։ Ի պատասխան այս հարցի՝ Արա Ղազարյանն ընդգծեց, որ Մարտի 1-ի գործը միայն Ռոբերտ Քոչարյանի գործը չէր և տուժողները պաշտպանվում են նաև այլ քրեական գործերով, որոնք հարուցվել են մահաբեր ուժի անհամաչափ կիրառման հիմքով և այդ գործերով կան մեղադրյալներ․ «Իշխանությունները հայտարարել են, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, այսինքն գիտեն, թե ովքեր են կիրառել մահաբեր ուժը, ովքեր են հրաման տվել»։

Մենք կապ հաստատեցինք նաև ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի հետ՝ ճշտելու, թե քանի մեղադրյալ կա Մարտի 1-ի մայր գործով ներգավված, սակայն խոսնակը նշեց, որ մայր գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է։ 
 
Հիշեցնենք, որ Դատարանը կարճել է Մարտի 1-ի գործով՝ ՔՕ 300․1 հոդվածով մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008թ․-ին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
 
Նարա Մարտիրոսյան