Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը ստու՞մ է․ ինչպե՞ս է ՍԴ խորհրդակցական սենյակի գաղտնիքը հասանելի դարձել նրան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը ստու՞մ է․ ինչպե՞ս է ՍԴ խորհրդակցական սենյակի գաղտնիքը հասանելի դարձել նրան
Հայաստան
17:44, 29 март 2021
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպան Արամ Վարդևանյանը՝ Սահմանադրական դատարանի մարտի 26-ի որոշումից հետո, Ֆեյսբուքում գրառեց հետևյալը․ «Առաջարկում եմ հիշել 8-0 գեղեցիկ թիվը, որն արտահայտում է Սահմանադրական դատարանի կողմ ձայները և 0 դեմը»։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը քննելով Ռոբերտ Քոչարյանի և  առաջին ատյանի դատարանի դատավոր՝ Դավիթ Գրիգորյանի դիմումները՝ մարտի 26-ին որոշում կայացրեց Ռ․Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300․1 հոդվածը ճանաչել հակասահմանադրական։ 
Ըստ փաստաբանների՝ ՍԴ որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ ՔՕ 300․1 հոդվածով հարուցված քրգործը ենթակա է կարճման։ 
ՍԴ դատավորներից քանի՞սն են կողմ և քանի՞սն են դեմ քվեարկել այս որոշմանը։ Հետևելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի գրառմանը՝ կարելի է ենթադրել, որ բոլոր դատավորները կողմ են եղել։ Սակայն ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը Civic.am-ի հետ զրույցում ընդգծել էր, որ քվեարկությունը խորհրդակցական սենյակի գաղտնիք է․ «Շրջանառվող որեւէ տեղեկություն պաշտոնապես հաստատված չէ եւ չի կարող լինել»,-հավելել էր նա։
Իսկ ավելի ուշ Եվա Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառել է․ 
«Սահմանադրական դատարանի քննած գործով ընդունված որոշման կամ եզրակացության քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։ Իսկ եթե անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն, ապա տրամաբանորեն անհնար է նաև այնպիսի տվյալների հրապարակումը, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել քվեարկության անվանական արդյունքների բացահայտմանը։ 
Այսպիսով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ դատավորների ձայների համամասնության շուրջ որևէ ենթադրություն Սահմանադրական դատարանի կողմից հաստատվել կամ հերքվել չի կարող»։
 
Հիմք վերցնելով ՍԴ մամուլի խոսնակի գրառումը՝ հարց է առաջանում․ արդյո՞ք ստում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ շեշտելով՝ 8-0 հարաբերակցությունը, եթե ոչ, ապա ինչպե՞ս է ՍԴ խորհրդակցական սենյակի գաղտնիքը հասանելի դարձել։