Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած ոստիկանները ներողություն են խնդրել, այդուհանդերձ պահանջում ենք զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկաններին մեղադրանք առաջադրել. զոհված զինծառայողների ծնողներ

Չնայած ոստիկանները ներողություն են խնդրել, այդուհանդերձ պահանջում ենք զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկաններին մեղադրանք առաջադրել. զոհված զինծառայողների ծնողներ
Իրավունք
13:53, 14 апрель 2023
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատները Քննչական կոմիտեի մոտ 24 ժամ նստացույց են նախատեսել՝ պահանջով, որ զոհվածների ծնողների նկատմամբ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում բիրտ ուժ կիրառած 13 ոստիկաններին մեղադրանք առաջադրվի: «Խոսքը 5 կին ծնողների մասին է, որոնց նկատմամբ սեպտեմբերի 21-ին բիրտ ուժ են կիրառել ոստիկանները։ Այդ կանայք մարմնական վնասվածքներ էին ստացել՝ մեկի մատն էր կոտրվել, կա նաև դատաբժշկի թուղթ»,- այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի ծնողն ու հավելեց. «Առերեսումների ժամանակ ոստիկաններն իրենց բիրտ ուժ կիրառելն ընդունեցին և ծնողներից ներողություն խնդրեցին, որ անհամաչափ ուժ են կիրառել։ Գոնե ծնողներն զգային, որ օրենքը գործում է՝ մեղադրանք առաջադրվեր ոստիկաններին»,-ասացին զոհվածների ծնողները։  

Նրանց խոսքով՝ եթե 24 ժամ հետո մեղադրանք չառաջադրվի ոստիկաններին, իրենք  հայտարարությամբ հանդես կգան իրենց հետագա անելիքների մասին։

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողների խոսքով՝ ՔԿ-ն քայլեր չի իրականացնում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցածը լուսաբանած լրագրողներին առերեսումների կանչելու ուղղությամբ: «Միջնորդություն էինք ներկայացրել, որպեսզի կանչեն այն լրագրողներին, ովքեր սեպտեմբերի 21-ին եղել էին Եռաբլուրում՝ առերեսվեն ոստիկանների հետ, որպեսզի հստակ լինի, թե մեզնից ո՞վ է պատկերը ճիշտ ներկայացնում»,- ասացին նրանք։ 

Ծնողների խոսքով՝ լրագրողներից 2-ին են միայն կանչել ՔԿ, այնուհետև լուրեր են տարածվել, որ մյուս լրագրողներին չեն կարողանում գտնել. «Բայց սա պատրվակ է, որպեսզի գործը ձգձգեն։ Սկզբում ասում էին՝ ոստիկաններին չենք կարողանում նույնականացնել, մենք բոլորի նկարները բերեցինք տրամադրեցինք, որից հետո նույնականացրեցին»։ 

Civic.am-ը կապ հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ։ Նա հաստատեց, որ այս պահի դրությամբ տվյալ վարույթի շրջանակներում որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել: «Ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում, հանգամանքներն են պարզվում։ Ծնողներն էլ որոշ քննչական գործողություններից հրաժարվելու մասին են հրապարակավ հայտարարել՝ ասել են, որ առերեսումների չեն մասնակցելու, բայց անկախ այդ հանգամանքից՝ քննությունը շարունակվում է»,- ասաց ՔԿ մամուլի քարտուղարը։

Ինչ վերաբերում է ծնողների՝ լրագրողներին հարցաքննելու պահանջին, Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ լրագրողներին լսելու ուղղությամբ էլ են միջոցներ ձեռնարկվել, քննչական գործողություններ իրականացվել. «Այն լրատվամիջոցները, որոնց մասին տեղյակ ենք եղել, որ ներկա են եղել՝ իրենց հրավիրելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկվել են։ Որոշ դեպքերում եկել են, և իրենց հետ քննչական գործողություն արվել է, որոշ դեպքերում արձագանք չի եղել»։ 

Մեր հարցին՝ եթե շարունակեն չգալ ՔԿ հրավիրված լրագրողները, ի՞նչ քայլեր կիրականացվեն, Գոռ Աբրահամյանն արձագանքեց. «Վարույթն իրականացնող մարմինը կարող է նաև պարտադրանք կիրառելու միջոց ձեռնարկել»։