Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Իրավունք
16:33, 11 июнь 2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ առերևույթ ընտրակաշառք բաժանելու կասկածանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առերևույթ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանը։

Փաստաբան Էմին Խաչատրյանի փոխանցմամբ՝ Ապրոյանը կասկածանքը չի ընդունում, իսկ ցուցմունք տալուց հրաժարվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանական իրավունքը չէր ապահովվել։

«Քանի դեռ իր պաշտպանական իրավունքը չեն ապահովել, այդ ընթացքում ինքը հրաժարվել է ցուցմունք տալուց»,- նշեց փաստաբանը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Ապրոյանի դեմ ցուցմունք կա, փաստաբանը նշեց, որ նյութերին դեռևս չեն հասցրել ծանոթանալ։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ նույն օրը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

«Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին:

2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- հայտնել են դատախազությունից՝ տեղեկացնելով, որ երկու անձ բերման է ենթարկվել:

Հունիսի 10-ին ՀՀ դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական գործով երկու անձ ձերբակալվել է, սակայն այս պահին արգելանքի տակ գտնվում է մեկ անձ, մյուսն արգելանքից ազատվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով, ևս 6 անձի նկատմամբ կիրառվել է նույն խափանման միջոցը։ Այսինքն՝ քրեական գործով կասկածյալներն ութն են։