Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաջորդիվ Պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձևավորվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում

Հաջորդիվ Պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձևավորվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում
Պաշտոնական
17:57, 11 июль 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ:

Ներկայացվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներով առաջիկա 6 ամսվա անելիքները, այդ թվում՝ Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման ընթացքը: Զեկուցվել է, որ տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվում է Պարեկային ծառայության կառավարման օպերատիվ կենտրոնի ներդրման շարունակականության ապահովում:

Հաջորդիվ պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձևավորվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում, ապա ողջ հանրապետությունում:

Վերը նշված 4 մարզերում ապագա պարեկների ուսումնական գործընթացները մեկնարկելու են օգոստոս ամսին: Ընդհանուր առմամբ, պարեկային ծառայության անցնելու համար դիմել է 1880 անձ, որոնցից 718-ն են միայն ոստիկանության ծառայող: 1332 անձ իրավունք է ստացել մասնակցելու քննական գործընթացին, որոնցից ծառայության կանցնեն 606-ը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Պարեկային ծառայության տեխնիկական հագեցվածությանը, ոստիկանության զորքերի վերակազմակերպման, ազգային գվարդիայի ստեղծման աշխատանքներին: Պատասխանատուները վստահեցրել են, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի:

Քննարկվել են նաև ոստիկանության մարզային վարչությունների գործունեությանը և տարածքային ստորաբաժանումների նոր մոդելին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումներով նախատեսվող բոլոր միջոցառումների արդյունավետ իրականացումը և ընդգծել Պարեկային ծառայություն կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Այս առումով Կառավարության ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ: