Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՆԳՆ-ն՝ Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ քրեադատավարական գործընթացի մասին

Արցախի ՆԳՆ-ն՝ Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ քրեադատավարական գործընթացի մասին
Պաշտոնական
17:22, 30 август 2022
ԱՀ դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոս ամսում Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց:

Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու հայտարարություններ, որոնց ի պատասխան հայտնում ենք հետևյալը.

Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ ԱՀ իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել միատեսակ մոտեցում և քրեադատավարական գործընթաց իրականացնել օրենքով սահմանված առիթների ու հիմքերի առկայության դեպքում, ինչը ենթադրում է դեպքի հանգամանքների հետազոտություն և համապատասխան դատավարական որոշման ընդունում (դեպքի ու դրա հետևանքների հետազոտությունը կարող է տեղի ունենալ բացառապես ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով): 

Նույնպիսի մոտեցում ցուցաբերվել է նաև քննարկվող դեպքերի առնչությամբ, որոնց առթիվ նախապատրաստված նյութերով իրականացվել են անհրաժեշտ դատավարական ստուգումներ և առաջիկայում կընդունվեն քրեական գործի հարուցման փուլը եզրափակող դատավարական որոշումներ: