Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեղան այն դատավարությունները, որոնց արդյունքում հիմա ԱԺ-ում անցած շատ գործիչներ կլինեին համապատասխան քրեակատարողական կառույցներում․ Դավիթ Սանասարյան

Չեղան այն դատավարությունները, որոնց արդյունքում հիմա ԱԺ-ում անցած շատ գործիչներ կլինեին համապատասխան քրեակատարողական կառույցներում․ Դավիթ Սանասարյան
Քաղաքականություն
12:19, 19 июль 2021
«Ընտրություններն անցել են մեծ հաշվով ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, բնականաբար խախտումներ շատ են եղել, անգամ եղել է իրավիճակ, որ բավականին մեծ թվով ձայներ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ձայները չի գրանցվել, հետո վերահաշվարկի արդյունքում գրանցվել է։ Մենք չենք կարողացել բոլոր տեղերը վերահաշվարկի դիմումներ ներկայացնել։ Բայց մեծ հաշվով ժողովրդի կամքը արտահայտված է և՛ ՍԴ-ի կողմից, և՛ միջազգային կառույցների պետությունների կողմից  արդեն ճանաչված է, որպես եղելություն»,-այդ մասին այսօր՝ իր գործով դատական նիստի ընդմիջմանը Factor.am-ի հետ զրույցում ասաց ՊՎԾ նախկին ղեկավար, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ 

Նա նշեց, որ մենք հիմա ունենք ընտրված ԱԺ, սակայն չի կարծում, որ այդ ԱԺ-ն սպասարկելու է ժողովրդի շահը, որովհետև այդ ԱԺ-ում հայտնված են ուժեր, որոնք որ պետք է չլինեին  ԱԺ-ում, բայց իշխանությունների կամքի բացակայության արդյունքում չեղան այնպիսի փոփոխություններ, որի արդյունքում կվերահսկվեին ֆինանսական հոսքերը, թե ինչքա՞ն գումար են ծախսում, ինչպե՞ս են ծախսում, չեղավ բավարար չափով վերահսկողություն, առհասարակ այդ ոլորտի նկատմամբ, չեղան բնականաբար նաև այն դատավարությունները, որոնց արդյունքում հիմա ԱԺ-ում անցած շատ գործիչներ կլինեին համապատասխան քրեակատարողական կառույցներում։ 

«Ինչևէ, ունենք այս վիճակը։ Ժողովուրդն ընտրեց նախկին ներկա պայքարի մեջ, չընտրեց ծրագրերի մեջ, չընտրեց անցած ճանապարհի մեջ, բայց ընտրեց այն ինչ ընտրեց»,-ասաց Դավիթ Սանասարյանը։  

Խոսելով նաև Սյունիքի համայնքապետերից մի քանիսի կալանավորման մասին՝ նա նշեց, որ եթե քաղաքական հետապնդման տարրեր կան, դա պետք է բացառել, եթե իրավական հիմքերն ամուր են, չպետք է նայել, թե ով ինչ պաշտոնի է ու, որ քաղաքական թիմի անդամ, բայց դեռ վերջնական գնահատական չեմ կարող տալ։

Այնուհետև խոսելով ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ նրա հետ առանձին հանդիպման ժամանակ ինքն է հարցեր բաձրացրել՝ կապված սահմանի հետ, գերիների հետ։
«Արդեն քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք, թե աշխատակարգն ինչպես է լինելու, ինչպես ենք համագործակցելու։ Ամսի 24-ին լինելու է առաջին նիստը։ Մենք՝ քաղաքական ուժերս, պետք է բարձրացնենք հարցեր, որոնց մեծամասնության կողմ լինելու դեպքում  կլինեն օրակարգային հարցեր և կքննարկենք»,-ասաց Դավիթ Սանասարյանը։