Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը բողոքարկել է դատավոր Դավիթ Բալայանի՝ Արամ Հարությունյանի արդարացման դատավճիռը․ Գոռ Աբրահամյան

Դատախազությունը բողոքարկել է դատավոր Դավիթ Բալայանի՝ Արամ Հարությունյանի արդարացման դատավճիռը․ Գոռ Աբրահամյան
Քաղաքականություն
17:43, 22 июль 2021
Գլխավոր դատախազությունը դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Նա Նիկոլ Փաշինյանին ուղղված հետևյալ հայտարարությունն էր արել. «... եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված բռնության կոչերի համար Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրված ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանին, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանին, «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, փաստաբան Մուշեղ Շուշանյանին։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանի փոխանցմամբ՝ Նարեկ Մալյանի և Սայաթ Շիրինյանի վերաբերյալ հարուցված քրեական գործերը դեռևս գտնվում են նախաքննության փուլում։

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը մեզ տեղեկացրեց, որ իր վերաբերյալ քրեական գործը ևս նախաքննության փուլում է։

Datalex.am կայքից տեղեկացանք, որ Մուշեղ Շուշանյանի գործը թեպետ դատարանում է, սակայն նիստերը չեն կայացվել՝ դատավոր Վաչե Մարգարյանի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառաբանությամբ։