Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀԱՊԿ-ն արդեն իսկ բացատրել է, որ ցանկություն չունի մասնակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր գործընթացներին»․ Ի՞նչ ակնկալել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելությունից

«ՀԱՊԿ-ն արդեն իսկ բացատրել է, որ ցանկություն չունի մասնակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր գործընթացներին»․ Ի՞նչ ակնկալել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելությունից
Քաղաքականություն
18:37, 29 июль 2021
Այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին: «Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված Է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելությունը իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Վահրամ Հովյանը նշեց, որ վարչապետի առաջարկությունն իրականացնելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը։ Սակայն, քաղաքագետի դիտարկմամբ, հաշվի առնելով Ադրբեջանի հակահայ հայտարարություններն ու գործողությունները՝ իրատեսական չի համարում այդ փոխադարձ համաձայնության ձեռք բերումը. «Այնուամենայնիվ, եթե հաջողվի փոխադարձ համաձայնության գալ՝ չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ը կզլանա այդպիսի առաքելություն իրականացնել»։ 

Հարցին՝ ՀԱՊԿ անդամ երկրներից շատերն ադրբեջանամետ են, որքանո՞վ հայ-ադրբեջանական սահմանին իրականացվող մոնիտորինգն անաչառ կլինի՝ Վահրամ Հովյանն արձագանքեց. «Անկախ նրանից, թե ՀԱՊԿ անդամ երկրներն ինչպիսի հարաբերություններ ունեն Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, և նրա գործունեությունը հիմնված է պրոֆեսիոնալիզմի սկզբունքի վրա, իսկ պրոֆեսիոնալիզմը ենթադրում է անաչառություն։ Բացի դրանից, չմոռանանք, որ ՀԱՊԿ-ում գերակայող դիրք ունեցող պետությունը Ռուսաստանն է, և ամեն ինչ Ռուսաստանից է կախված։ Իսկ Ռուսաստանի անաչառության վրա կասկածելու հիմքեր ես չեմ տեսնում»։ 

Քաղաքագետից հետաքրքրվեցինք, թե ինչ առավելություն կտա Հայաստանի կողմից սեպտեմբերին ՀԱՊԿ նախագահության ստանձնումը։ 
«ՀԱՊԿ-ը կազմակերպություն է և գործում է իր կանոնադրության շրջանակներում։ Իհարկե, նախագահության ստանձնումը վարչական որոշակի լծակներ տալիս է՝ ավելի ակտիվացնելու այդ կազմակերպության գործունեությունը հայկական օրակարգն առաջ տանելու հարցում, և այս տեսակետից դրական գործոն է։ Սակայն եթե անգամ նախագահությունը չլինի Հայաստանի ձեռքում, մենք այնտեղ ներկայացուցիչ ունենք, և դա էլ բավարար է մեր հարցերը բարձրացնելու համար»,- պատասխանեց Վահրամ Հովյանը։ 
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն արդեն իսկ Հայաստանին բացատրել է, որ իր խնդիրը Խորհրդային Միության նախկին սահմաններից դուրս գտնվող պետությունների հետ հարաբերություններն են և ընդհանրապես ցանկություն չունի մասնակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր գործընթացներին. «Թե այդ մոնիտորինգային առաքելությունը վարչապետի պատկերացմամբ փոխելու է ՀԱՊԿ-ի մոտեցումը՝ այս հարցում ես համակարծիք չեմ վարչապետի հետ։ Ես չեմ պատկերացնում, թե ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության արդյունքներն ինչ ազդեցություն կունենան ընդհանուր գործընթացների վրա, որովհետև Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն արդեն կա տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախի կողմում, և այն շատ դեպքերում ուղղակի կողքից է նայում, թե ինչ է կատարվում»։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգային առաքելություն իրականացնելուն՝ քաղաքագետը հիշատակեց, որ Մինսկի խումբը ստեղծված է Արցախի խնդիրը լուծելու համար, այլ ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները վերահսկելու։  

Նիկոլ Փաշինյանը նաև հատուկ ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ վերջին շրջանում Ադրբեջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում. «Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների, և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը՝ ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն անդրադառնալով վարչապետի այս խոսքին՝ շեշտեց, որ այն ևս հաստատում է իր այն տեսակետը, որ ՀԱՊԿ-ի ներկայությունը որևէ լուրջ տարբերություն չի դնելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մեջ. «Ռուս խաղաղապահներն Արցախում են, բայց վարչապետն ինքն է նշում, որ խաղաղապահների, այսպես ասած, քթի տակից ադրբեջանցիները հայ գերիներ են տարել, և խաղաղապահները մատը մատին չեն տալիս։ Այս պարագայում ինչ իմաստ ունի ՀԱՊԿ-ին դիմել, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ ՀԱՊԿ ասելով նկատի ունենք Ռուսաստանի զինված ուժերը»։ 

Ինչ վերաբերում է Արցախում Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահների դեմ գործելու տեսակետին՝ քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը ոչ թե կոնկրետ խաղաղապահ առաքելության դեմ է գործում, այլ Ադրբեջանն ունի իր շահերը՝ որոշ դեպքերում համադրում է, որոշ դեպքերում էլ այն վաճառում Ռուսաստանին. «Ռուսաստանն ու Ադրբեջանը գործում են փոխշահավետ սկզբունքներով՝ ի տարբերություն Հայաստանի, որը փորձում է Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված Ադրբեջանի և որևէ կերպ չտրամադրված Ռուսաստանի փոխհարաբերություններում սեփական շահերը ինչ-որ կերպ մտցնել»։ 

Իսկ քաղաքագետ Վահրամ Հովյանն էլ մեկնաբանեց, որ Ադրբեջանի վարքագիծն ապակառուցողական է, և նրանք ամեն ինչ անում են իրավիճակը կրկին սրելու՝ պատերազմական իրավիճակ ստեղծելու համար. «Եվ այնպես է ստացվել, որ դա կամա թե ակամա ուղղված է նաև խաղաղապահների դեմ։ Ուստի զարմանալի չէ, որ Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահ առաքելության փաստաթուղթը։ Այստեղ կա թուրք-ադրբեջանական միասնական համակարգված գործունեություն՝ նրանց համար պատերազմը չի ավարտվել»։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ գիշերը Ադրբեջանը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ։ Մարտական գործողություններն ընդգրկել էին Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածը և դադարել էին ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջոցով։ Սակայն այսօր Ադրբեջանը կրկին խախտել էր հրադադարը, և ծավալվել էր կարճատև փոխհրաձգություն։  

Նարա Մարտիրոսյան