Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ողջունում ենք լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած շփում». ՌԴ ԱԳՆ-ն՝ Վրաստանում Փաշինյան-Ասադով հանդիպման մասին

«Ողջունում ենք լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած շփում». ՌԴ ԱԳՆ-ն՝ Վրաստանում Փաշինյան-Ասադով հանդիպման մասին
Քաղաքականություն
16:06, 02 ноябрь 2023
Մոսկվան ողջունում է շփումները, որոնք կհանգեցնեն Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թբիլիսիում Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ասադով հանդիպումը։

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպում են ունեցել Մուխրանիում՝ Թբիլիսիից ոչ հեռու։ 

«Ցանկացած շփում, որը կնպաստի Բաքվի և Երևանի միջև լարվածության թուլացմանը, մենք միայն ողջունում ենք»,- ասել է Զախարովան։
Խոսքը, ըստ նրա, այն ամենի մասին է, ինչը ձեռնտու է կողմերին և ընդհանուր առմամբ տարածաշրջանին։

Նրա խոսքով՝ Մոսկվան իր հերթին ելնում է նրանից, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում է եռակողմ համաձայնագրերի համալիրը, որոնք ընդունվել են 2020-2022 թթ. ընթացքում։

«Այն ներառում է երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա, քաղաքացիական հասարակության մակարդակով երկխոսություն և այլն»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով այս բոլոր ուղղություններով հետագա առաջընթացին՝ նա հաստատել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում  կազմակերպելու Ռուսաստանի պատրաստակամությունը։