Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկար ժամանակ Հայաստանը շղթայված է եղել իրեն ոչ հարազատ շղթաներով, հիմա մենք այդ ավտորիտար շղթաներից ազատագրվում ենք․ Հայկ Սուքիասյան

«Արևմուտքի Եվրոպայի հետ մեր հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են, դուք գիտեք, որ երկար ժամանակ Հայաստանը շղթայված է եղել իրեն ոչ հարազատ շղթաներով։ Հիմա, բարեբախտաբար ստացվել է այնպես, որ մենք այդ ավտորիտար շղթաներից ազատագրվում ենք և Հայաստանը հայտ է ներկայացրել վերադառնալ իրեն հարազատ ավազան՝ Եվրոպա, Արևմուտք։ Ես նկատի չունեմ աշխարհագրությունը, ես նկատի ունեմ վերադարձ, որպես մշակույթ և քաղաքակրթություն»,- այդ մասին այսօր Բրյուսելում մեկնարկած «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան-Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց, քաղաքագետ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը։

Վերջինս նշեց, որ պարզ է Հայաստանի ռազմավարական ընտրանքը՝ դեպի Եվրոպա, բայց ինքը հույս ունի, որ եվրոպական գործընկերները ըմբռնումով կմոտենան Հայաստանի դանդաղ ընթացքին, որովհետև կան բաներ, որ պետք է նկատի ունենալ՝ մեր աշխարհագրությունը սահմանափակում է մեր մանևրի հնարավորությունը՝ դեպի մեր ռազմավարական ընտրանք, աշխարհագրությունն ունի իր քաղաքականությունը, բայց այն, որ Հայաստանի ռազմավարական ընտրանքն այլընտրանք չունի, դա հաստատ է։   
   
«Մենք, որպես հասարակություն և պետություն, հիմա արմատների վերադարձի փուլում ենք, գտնվում ենք դեմոկրատական տրանզիտի շրջանում։ Դուք գիտեք, որ տրանզիտներն ունեն պրոբլեմ, շատ խիստ հավանական է՝ հետընթաց ալիք, որտեղ միգուցե ավտորիտար գորիլաները՝ օսլայած դեմքով, վերադառնալու հայտ ներկայացնեն։ Բայց ես ուզում եմ ասել, որ վերջին շրջանում հատկապես մեր ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ռեվերս ալիքի հնարավորությունը փակված է, բայց միևնույնն է կան բազմաթիվ պրոբլեմներ, և ես ակնկալում եմ այս հարցում եվրոպական գործընկերների աջակցությունը»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում