Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թույլ չենք տա, որ այլ երկրի ուժային կառույցները ներթափանցեն ՀՀ քաղաքական կամ այլ ոլորտներ. Բագրատյան

«Դեռ 2016թ. հունիսին մենք Ազգային ժողովում վավերացրել ենք այդ համաձայնագիրը ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև հակաօդային պաշտպանության համատեղ միջոցներ կազմակերպելու իմաստով։ Այդ համակարգերը պետք է համատեղ օգտագործվեին, բայց ՌԴ-ի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը պետք է կառավարեր դրանք։  Բայց դա չի զրկում ՀՀ-ին ինքնուրույն հակաօդային պաշտպանության համակարգ ունենալուց»: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը այն մասին, որ ՀԱՊԿ նոր ՀՕՊ համակարգեր են գործարկվել։  

Պատգամավորը նշեց, որ Արցախյան հակամարտության ժամանակ, երբ Աբովյանում հակառակորդի ԱԹՍ-ներ էին գործում, այդ ՀՕՊ համակարգերը արդյունավետ չեն գործել. «Կարծում եմ՝ հակաօդային համարժեք պաշտպանություն ունենալու պարագայում դրանք չպետք է մոտենային մայրաքաղաք Երևանին։ Սրանով իսկ որոշակի ռիսկեր կան»։

Անդրադառնալով հարցին, թե Իրանը ինչպես է վերաբերվում Հայաստանի ու ՆԱՏՕ անդամ մի շարք երկրների հարաբերությունների զարգացմանը՝ հաշվի առնելով Իրան-Արևմուտք առկա հակամարտությունը, պատգամավորը ասաց. «Եթե մենք առաջնորդվենք հարևանների կարծիքով, ապա կարող ենք շատ խնդիրներ ունենալ։ Հարևաններից մեկին պետք չէ, որ ունենանք պաշտպանության բանակ,  մյուսին պետք չէ, որ ունենանք ՀՕՊ։ Մենք  պետք է ապահովենք մեր անվտանգությունը»։ 

Սերգեյ Բագրատյանը անդրադարձավ նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը, թե 2021 թվականին ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններին   ընդդիմությունը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար իրենց, սակայն ռուսական կողմը հրաժարվել էր. «Զատուլինը ճիշտ կանի՝  անուն-ազգանուններով ասի, թե ովքեր են դիմել  իրենց, և այդ ժամանակ մենք մեր վերաբերմունքը ցույց կտանք... Դա մեր ազգային անվտանգության խնդիրն է, մենք թույլ չենք տա, որ այլ երկրի ուժային կառույցներ ներթափանցեն մեր քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներ»։  

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ նիստերին, իր դիրքորոշումն է արտահայտում առ այն, որ ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները չի կատարել, իսկ ինչ վերաբերում  է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այսօրվա հայտարարությանը, թե ՀՀ-ն ՀԱՊԿ-ի դաշնակիցն է եղել և կա, պատգամավորը նշեց. «ՀԱՊԿ-ի վերլուծությունը այնպիսին է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ի սահմաններից դուրս չթողնելը ավելի կարևոր է, քան ՀՀ իշխանությունների բողոքի այս ձևը»։

Դիտարկմանը, որ եթե ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտականությունները, և ՀՀ-ն էլ իր հերթին չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին ու նիստերին, ապա ինչո՞ւ ենք շարունակում մնալ այդ կառույցում, Բագրատյանը ասաց. «Միգուցե արտաքին աշխարհաքաղաքական վիճակն է այնպիսին, որ չեն կարողանում իրենց պայմանագրային պարտավորությունները արդյունավետ կատարել, հետևաբար շտապել այդ իմաստով ճիշտ չի լինի»։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան