Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ում հարցնես, կասի, թե էդ թվերին ինչ գնով են բանակից ազատվել կամ լավ տեղ ընկել. Հայկ Սարգսյանը պարզաբանեց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչն էր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի պատճառը:

«Ես, պատասխանելով վերջին երկու օրերին մեր քաղաքական թիմի և վարչապետի հասցեին հնչած մեղադրանքներին, ակնարկ արեցի, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարիներին, որպեսզի բոլորի համար պարզ լինի: Ես նշեցի, որ մինչև մեր իշխանությունը ռազմական բալանսը խախտվել է, և ի պատասխան Սեյրան Օհանյանի ռեպլիկի, թե մենք բանակը քայքայել ենք, ասացի, որ բանակից փողով ազատածներն են դավաճան»,- ասաց նա:

Հայկ Սարգսյանը նշեց, որ ինչ ինքն ասել է, բոլորը գիտեն. «Ցանկացած մարդու որ հարցնես, կասեն, թե էդ թվականներին ինչ գնով են բանակից ազատվել կամ լավ տեղ ընկել: Դա է բանակը կազմաքանդել, բանակի ողնաշարը ջարդել»:

Նա ընդգծեց, որ Շուշին հետ բերելու մասին չպետք է խոսեն նրանք, որոնք կամ որոնց որդիները Շուշիի մարտերին չեն մասնակցել:
«Ով 30 մլն-ով չաշխատող ՀՕՊ զենք է գնում, նա է դավաճանը. օդը չի փակվել, որովհետև էդ ՀՕՊ-ը չի աշխատել. դա դա-վա-ճա-նու-թյուն է: Ես չեմ անձնավորում»,- ասաց նա և հավելեց, որ ընդդիմության ելույթներն էլ իրենց դուր չեն գալիս, բայց իրենք իրենց զսպում են և ոչինչ չեն նետել: