Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեռուստատեսությունը պետք է դառնա դաստիարակության գործիք. Արթուր Հովհաննիսյան

Հեռուստատեսությունը պետք է դառնա դաստիարակության գործիք. Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
17:12, 30 январь 2024
ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվում է  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ հիմնավորման՝ 2020 թվականին օրենսդիրը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով եւ լրացումներով հստակ արձանագրել է քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը հասարակական անվտանգության, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման վրա:

Օրենսդիրը նաեւ արձանագրել էր, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման, դրա կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների տարածման դեմ պետք է դրսեւորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակում:  Այս համատեքստում հատկապես կարեւոր է կանխարգելել եւ արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, որքանով որ այս պահին թույլ է տալիս օրենսդրությունը:

Այսպիսով  Նախագծով առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություններով եւ լրացումներով սահմանել արգելք 6:00-ից 00:00-ն ընկած ժամանակահատվածում քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրման համար:

«Այս նախագիծը առավելապես վերաբերում է անչափահասներին, որեւէ գեղարվեստական գործունեության դեմ չէ»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը եւ նշեց, որ Հեռուստատեսությունը պետք է դառնա դաստիարակության գործիք: