Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը պետք է Ռուսաստանին ներգրավի Սյունիքի խնդրում, քանի որ փաստացի նժարին դրված է Ռուսաստանի հեղինակությունը. քաղաքագետներ

Հայաստանը պետք է Ռուսաստանին ներգրավի Սյունիքի խնդրում, քանի որ փաստացի նժարին դրված է Ռուսաստանի հեղինակությունը. քաղաքագետներ
Քաղաքականություն
20:25, 26 август 2021
Երեկ ուշ երեկոյից ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Այսօր արդեն պարզ դարձավ, որ ադրբեջանական զինված ծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։  Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Այս մասին  այսօր հայտնեց  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։  

Այս իրավիճակին այսօր Ազգային ժողովում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ փորձ է արվում ներկայացնել, թե Հայաստանի կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել, սակայն տեղի ունեցածի մասին իրենք տվել են ամբողջական տեղեկատվություն, չեն տվել տեղեկատվություն միայն այն հատվածների վերաբերյալ, որոնք կարող էին հավելյալ ռիսկեր առաջացնել մեր ազգային անվտանգության հետ կապված, այդ թվում՝ այսօրվա նման իրավիճակից խուսափելու համար։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ տեղի ունեցածը հակասում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում։ Առաջինը՝ հասնել նրան, որ Հայաստանը ստորագրի խաղաղության պայմանագիր, ըստ որի՝ նաև երկու կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և անցկացվի սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա։  

Ըստ Վարդանյանի՝ կա նաև Ադրբեջանի գործողությունների երկրորդական ու երրորդական էֆեկտ, որոնցից առաջինը հոգեբանական առումով Սյունիքում այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որ սահմանային գյուղերի բնակիչները հոգեբանորեն կոտրվեն և հեռանան։ Ադրբեջանը այսպիսով փորձում է նաև խնդիրներ ստեղծել իրանական բեռնափոխադրողների համար. այնպես անել, որ իրանական բեռնափոխադրումն իրականացվի Ադրբեջանի տարածքով Վրաստան, ապա այլ երկրներ։ Այսինքն՝ որ իրանցի բեռնափոխադրողները որպես տարանցիկ երկիր ընտրեն ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը:

«Այս նպատակի համար Ադրբեջանը երկար տարիներ գումարներ էր ծախսում, ենթակառուցվածքներ էր ստեղծում, բայց Հայաստանի տարածքը մինչև այս պահը ամենահարմարն էր՝ և՛ տարածքային, և՛ անվտանգային առումներով։ Փաստացի Ադրբեջանը նաև խոչընդոտներ է հարուցում իրանցի  բեռնափոխադրողների համար։ Ադրբեջանը փորձում է նման քայլով մի քանի նապաստակ որսալ»,- ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին, ապա քաղաքագետը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանը մոտ 26 կմ զիջել է  Ադրբեջանին։ Վստահաբար դա արվել է ռուսական կողմի ճնշմամբ և Ռուսաստանի երաշխավորությամբ, որ այդ հատվածում Ադրբեջանը թույլ կտա Հայաստանի ավտոմեքենաների ազատ շարժ։ Հիմա, ըստ Վարդանյանի, Հայաստանը պետք է նաև Ռուսաստանին ներգրավի այս կոնֆլիկտի մեջ, քանի որ փաստացի Ռուսաստանի հեղինակությունն էլ է նժարի վրա դրված։

«Եթե Ռուսաստանը միջնորդի դեր է ստանձնել, որ այդ հատվածում իրենք կերաշխավորեն հայկական մեքենաների ազատ տեղաշարժը, ապա իրենք էլ անելիք ունեն։ Այլապես իրենց հեղինակությունը կվնասվի, ու հաջորդիվ իրենց միջնորդական առաքելությունը Հայաստանի կողմից չպետք է ընդունվի»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե այս հարցը դիվանագիտական ճանապարհով չի լուծվում, ապա պետք է լուծվի ռազմական ճանապարհով։ Այլընտրանք չկա։  

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ ամիսներ առաջ էր պարզ, որ Հայաստանի սահմաններում ճնշումը կմեծանա՝ կապված Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ իր առաջ դրած նպատակների հետ։ Հիմա Հայաստանի անելիքը պետք է լինի խոշոր կոնֆլիկտից խուսափելը, իրավիճակը վերահսկողության տակ պահելը. «Ադրբեջանն արել է  երկակի քայլ՝ օգտվելով այն առիթից, որ ճանապարհի մի հատվածը, ըստ 70-ականների ադմինիստրատիվ քարտեզի, գտնվում է  Ադրբեջանի տարածքում, և  միևնույն ժամանակ դա այն հատվածն է, որտեղից Ադրբեջանը կարող է մեզ հնարավորինս ցավոտ հարվածել։ Դա Սյունիքի մարզի մի հատվածի հետ կապի ընդհատումն է, Իրանի հետ կապի ընդհատումն է։ Ադրբեջանը օգտվում է  այդ երկակի վիճակից և ևս մեկ անգամ իրավիճակը տանում է  լարման, էսկալացիայի, տանում է կոնֆլիկտի։ Մեր անելիքը պետք է լինի իրավիճակը վերահսկողության տակ պահելն ու ռուս խաղաղապահ կոնտինգենտի հետ աշխատելը»,- ասաց Քոչինյանը՝ հավելելով, որ դրան զուգահեռ պետք է հնարավորինս արագ կառուցել այլընտրանքային ճանապարհներ, որոնք կանցնեն մեր տարածքով, և հասնել նրան, որ մինչ ճանապարհների կառուցումն այդ կոնտինգենտը դուրս բերվի այդ ճանապարհահատվածից։

Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչու Սյունիքի մարզում տեղակայված ռուս խաղաղապահները լիարժեքորեն չեն իրականացնում իրենց միջնորդական առաքելությունը, Քոչինյանը նկատեց, որ լիարժեքորեն չի տիրապետում բանակցային գործընթացին, բայց կարելի է  ենթադրել, որ չմիջամտելը գուցե նաև նպատակ է հետապնդում Հայաստանի ձեռամբ պայթեցնել իրավիճակը և կարգի հրավիրել Ադրբեջանին, քանի որ վերջերս Ադրբեջանն իրեն շատ  բան է թույլ տալիս, ինչը հարմար չէ  Ռուսաստանին։

«Բայց կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ Ռուսաստանն այնքան թույլ է, որ չի կարող կատարել իր վրա վերցրած պարտավորությունները։ Հիմա թե որ դեպքն է՝ դժվար է ասել առանց ամբողջական տեղեկատվության տիրապետելու»,- եզրափակեց քաղաքագետը։