Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե կարողանում ես օգնել՝ օգնիր, եթե չէ, ինչո՞ւ ես թշնամական հայտարարություններ անում. Բագրատյանը` ՌԴ-ի մասին

«Եվրոպայից մեսիջ են ուղարկում, որ Հայաստանը կարող է անդամության թեկնածուի հայտի քննարկում սկսել, բայց այս պահին հստակ ճանապարհային քարտեզ չկա, սա ավելի շատ բարի կամքի դրսևորում է։ Հարցի հետ կապված, թե ինչ ռիսկեր կան, դրանք պետք է  հաշվարկվեն ու չեզոքացվեն»: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, որում Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ 

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Հայաստանի ղեկավարության ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի միջև առկա դաշնակցային հարաբերություններին և ռիսկեր ստեղծել հենց Հայաստանի ինքնիշխանության համար, Բագրատյանը նշեց. «ՀՀ-ն, ունենալով անվտանգային խնդիրներ, գերադասում է, որ մենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գնանք, ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնենք։ Մենք չենք ասում, որ ռուսների հետ թշնամի ենք: ՌԴ-ն երկար ժամանակ մեզ բարեկամ երկիր է   եղել, բայց հիմա չունի այդ հնարավորությունը կամ չի ցանկանում այլևս ՀՀ-ի անվտանգությամբ զբաղվել։ ՀՀ-ի մեղքը ո՞րն է այստեղ, որ ՌԴ-ն կամ ի վիճակի չէ, կամ չի ցանկանում պաշտպանել ՀՀ-ի անվտանգությունը։ Ասում են, որ իրենք ինչպես պաշտպանել են ԼՂ-ի անվտանգությունը, այնպես էլ կպաշտպանեն ՀՀ-ի անվտանգությունը։ Բայց մենք տեսանք, թե ԼՂ-ում ինչ կատարվեց, արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք ՀՀ-ում նման անվտանգային համակարգ ունենալ։ Պետք է ռուսական կողմը ընդունի, որ ՀՀ-ն ինքնիշխանության պահպանման խնդիր ունի և այդ խնդիրն է լուծում. եթե կարողանում ես օգնել՝ օգնիր, եթե չես կարողանում, ապա ինչո՞ւ ես թշնամական հայտարարություններ անում»։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։