Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրանը վերջնականապես որոշել է դուրս թողնել Ադրբեջանին հյուսիս-հարավ միջանցքից և այդ ամենում ներգրավել հենց Հայաստանին». իրանագետ

«Իրանը վերջնականապես որոշել է դուրս թողնել Ադրբեջանին հյուսիս-հարավ միջանցքից և այդ ամենում ներգրավել հենց Հայաստանին». իրանագետ
Քաղաքականություն
17:58, 08 октябрь 2021
Կարծում եմ՝ այժմ Իրանը իր ակտիվ այցելություններով և հանդիպումներով նախազգուշացնում և հստակ ընդգծում է իր քաղաքական, դիվանագիտական, ազգային շահերն ու հետաքրքրությունները և բարձրաձայնում  այդ մասին։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբի կողմից  կազմակերպված «Եռացող տարածաշրջան. Իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրման հնարավոր հետևանքները» թեմայով  քննարկման ժամանակ տարածաշրջանի, հատկապես Հայաստանի համար իրանա-ադրբեջանական հարաբերությունների շեշտակի սրման հնարավոր հետևանքներին  անդրադարձավ քննարկման բանախոսներից իրանագետ Գեորգի Միրզաբեկյանը։
 
Նրա խոսքով՝ Հայաստանում որոշակի ոգևորություն կա իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրման առթիվ, սակայն այստեղ պետք է բավականին զգուշանալ, քանի որ սա սոսկ այս երկու պետությունների հարաբերությունների սրում չէ, այլ ավելի ընդգրկուն՝ տարածաշրջանային բնույթ ունի, որտեղ ներգրավված են ամբողջ Մերձավոր Արևելքը, Իսրայելը, Թուրքիան, և Իրանի հայտարարությունները վկայում են, որ խնդիրը միայն Ադրբեջանի հետ հակասությունը չէ, այլ շեշտադրվում է Իսրայելի գործոնը և ահաբեկիչների գործոնը, որով ակնարկում են Թուրքիային։
 
«Նրանք, կարելի է ասել, Ադրբեջանն ինչ-որ տեղ  դիտարկում են հետևանք և հայտարարություններով նշում, որ Ադրբեջանին այս պետությունները օգտագործում են որպես գործիք։ Այսինքն՝ սա միայն Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին չէ»,- նշեց պարոն Միրզաբեկյանը։
 
Ըստ նրա՝ Հայաստանն այստեղ չպետք է մտածի  իրավիճակից օգտվելու կամ չօգտվելու մասին, այն պետք է դիտորդի դերում լինի և զգոնությամբ հետևի իրադարձություններին։
 
Անդրադառնալով հյուսիս-հարավ միջանցքին, որը Հնդկաստանը պետք է կապի Եվրոպայի հետ, և այդ միջանցքը միտված է այդ կապն ապահովելուն, որի մաս է կազմում Հյուսիս-հարավ ավտոճանապարհը,  նա նշեց, որ դրա առնչությամբ Իրանը մտահոգություններ ունի և ամեն կերպ փորձում է օգնել Հայաստանին այն իր ավարտին հասցնելու։
 
«Ադրբեջանը, Գորիս-Կապան ճանապարհին խոչընդոտներ ստեղծելով,  արժանացավ Իրանի սուր արձագանքին։ Դրանց էին միտված   քաղաքաշինության նախարարի թվիթերյան գրառումը, նրա տեղակալի այցը Հայաստան՝ ծանոթանալու տեղում Տաթևի ճանապարհին։ Կարելի է ասել, որ Իրանը հստակ շեշտեց, որ հյուսիս-հարավի մասին նոր աշխարհաքաղաքական քարտեզ է ձևավորվելու, և Իրանը, կարծում եմ, վերջնականապես որոշել է դուրս թողնել Ադրբեջանին հյուսիս-հարավ միջանցքից և այդ ամենում ներգրավել հենց Հայաստանին, որի միջոցով նա պետք է դուրս գա Եվրոպա»,- նշեց պարոն Միրզաբեկյանը։
 
Իրանագետի խոսքով՝ այս փաստն Իրանում մեծապես կարևորում են, և իզուր չէ, որ այդ գործոնը՝ առևտրատնտեսական հարաբերությունները, ճանապարհների հաղորդակցությունների թեման և Իրանի ելքը Հայաստանով դեպի Եվրոպա, վերջերս անչափ  կարևորվեց նաև Արարատ Միրզոյանի Իրան կատարած  այցի ժամանակ, երբ երկու կողմերն էլ այդ դրույթներն առանձնահատուկ շեշտեցին։