Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը Իսրայելի համար դարձել է հակաիրանական գործողություններ իրականացնելու հարթակ». Ինչի՞ կհանգեցնի Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրումը

«Ադրբեջանը Իսրայելի համար դարձել է հակաիրանական գործողություններ իրականացնելու հարթակ». Ինչի՞ կհանգեցնի Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրումը
Միջազգային
18:15, 23 сентябрь 2021
Վերջին օրերին խիստ լարվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Երկու երկրները զորքեր են տեղակայել, նաև զորավարժություններ են անցկացնում միմյանց սահմանների մոտ։ Թուրքական կողմը ևս Նախիջևան-Իրան սահմանային հատվածում զորք է տեղակայել։ Լուրեր տարածվեցին, թե իբր ադրբեջանական կողմը կրակ է բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ, չնայած լուրը պաշտոնապես չի հաստատվել։ Թե ինչո՞վ է պայմանավորված հարաբերությունների այս սրացումը՝ Civic.am-ը փորձեց պարզել ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանից և իրանագետ Արմեն Վարդանյանից։ 
 
Այվազյանը նշեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը իր ստեղծվելուց ի վեր հավակնում է Իրանի հյուսիսային, թուրքալեզու ժողովրդով բնակեցված տարածքներին և խրախուսում է անջատողական շարժումները Իրանի հյուսիսում։ Ադրբեջանագետը հիշեցրեց նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկի հայտարարությունը այն մասին, որ Ադրբեջանը պետք է «կտրի իրանական առյուծի պոչը»։ «Պարզ է, որ լարվածության մեծ հեռանկար կա, բայց արդյոք մենք ինչ-որ բան կշահե՞նք այդ իրավիճակից՝ կախված է մեր ճիշտ կողմնորոշումից»,- ասաց Գրիգորի Այվազյանը և հավելեց. «Մեր շահերին դա չի սպառնում։ Ընդհակառակը՝ եթե փորձենք «բռնել իրանական առյուծի պոչը», որը փորձում է ադրբեջանական կողմը կտրել, ապա կարող ենք նաև որոշակի դրական արդյունքներ ունենալ»։
Այվազյանը նշեց նաև, որ բացի թուրքական ցամաքային ուժերից, Իրանի հետ սահմանային հատվածում թուրքական կողմը նաև անօդաչուներ է մոտեցրել, ինչից Իրանը, մեղմ ասած, զայրացած ու մտահոգված է։ «Թուրքական զորքը և անօդաչուները արդեն Իրանի գլխին են կախված,  ինչպես ժամանակին՝ Արցախի պարագայում»,- նշեց ադրբեջանագետը։ 

Ռուսաստանի դերին անդրադառնալով՝ Այվազյանը նշեց, որ Ռուսաստանը կայսրություն է և միատարր չէ, և պետք է հենց այդպես ընկալել Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում և մասնավորապես՝ իրանա-թուրքա-ադրբեջանական, նաև՝ իսրայելական ու պակիստանյան բավականաչափ սուր հարաբերություններում։ «Թուրքիան Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, այլ՝ մարտավարական։ Եվ ուրեմն, այն փոքրիկ հատվածներում, որտեղ նրանց շահերը համընկնում են, նրանք համագործակցում են, իսկ խոշոր առումով, իհարկե, Ռուսաստանն ու Թուրքիան թշնամիներ են, իսկ Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի կցորդն է։ Կկարողանա՞նք արդյոք խաղարկել այս խաղաքարտը՝ մեզնից է կախված։ Մեծ տերությունների խաղում մենք պետք է մեր արժանի տեղը զբաղեցնենք և ոչ թե հոսանքին հակառակ փորձենք լողալ»,- ասաց Այվազյանը։

Իրանագետ Արմեն Վարդանյանն էլ նշեց, որ բացի Ադրբեջանում վերջին ժամանակներս բարձրացած հակաիրանական հիստերիայից, գումարվել է նաև վերջերս իրանական բեռնատարների վարորդների՝ ադրբեջանցիների կողմից ձերբակալումը։ «Բացի դրանից, Ադրբեջանը Իսրայելի հետ շարունակում է զարգացնել իր հարաբերությունները, և հաճախ դա արվում է ընդդեմ Իրանի։ Ադրբեջանը Իսրայելի համար դարձել է մի հարթակ՝ հակաիրանական գործողություններ իրականացնելու համար։ Այս բոլոր գործողությունների արդյունքում Իրանում նախազգուշական քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի դեմ»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը հնարավոր համարեց հնարավոր բախումները՝ ասելով, որ հնարավոր է նաև, որ դա հիմա տեղի չունենա։ «Որոշումներ կայացնողների ձեռքերում է այն հարցը, թե արդյոք մենք հաղթողների դաշտո՞ւմ կլինենք, թե՞ պարտվողների։ Մեր փոքրիկ խաղն այս է՝ կարո՞ղ ենք միանալ հաղթողներին, թե՞ ոչ»,- ասաց Այվազյանը։    

Ըստ Այվազյանի՝ Իրանը հասկացել է, որ կոշտ միջոցների պետք է դիմի, և դիմում է, որին կարող է միանալ նաև Հայաստանը։ «Ադրբեջանը փոքրիկ կայսրություն է՝ ներսից փլուզվող։ Պատահական չէ, որ այդ զորավարժություններն անցկացվում են իրանական ժողովուրդների մերձակայքում։ Ունեն լեզգիների շարժում, որոնք նայում են մեր ուղղությամբ, և իրենք սպասում են մեզնից ազդակի։ Մենք չենք պարտվել։ Այդ պատերազմում հաղթել է Ռուսաստանը։ Թուրքա-ադրբեջանական տանդեմը պարտվել է։ Թե ո՞վ է լինելու վերջնական հաղթողն այս պատերազմում՝ կորոշի ժամանակն ու ժամանակի մեջ ճիշտ կողմնորոշվողը»,- եզրափակեց Գրիգորի Այվազյանը։

Արմեն Վարդանյանը քիչ գնահատեց հավանականությունը, որ գործը կհասնի ռազմական բախումների։ Վարդանյանը նշեց, որ վերջին 20 տարիներին հարաբերությունների նմանատիպ վատթարացում շատ է եղել, և սա առաջին դեպքը չէ։ 

Թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի նման հակաիրանական պահվածքը հիմա՝ Վարդանյանը դժվարացավ պատասխանել և ասաց. «Ակնհայտ է, որ այս իրադարձությունները մի քանի օրում չծագեցին։ Սա մի քանի ամիս շարունակ ծեծվող թեմա է»։ 

Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստանը չի ներգրավվի այս թեմայում։ Ամենաշատը Ռուսաստանը, փորձելով օգտագործել իր ազդեցությունը, կարող է հավասարակշռող դեր խաղալ «կրակը հանգցնելու» դերում։ «Այստեղ ավելի շատ իր խոսքը կասի Թուրքիան, քան Ռուսաստանը։ Երեկ պարզ դարձավ, որ Իրանի նախագահ Ռայիսին Թուրքիայի նախագահին հրավիրել է Իրան։ Կարծում եմ՝ հենց Թուրքիայի միջնորդությամբ այս լարվածությունը կթուլանա։ Թուրքիան ավելի մեծ ազդեցություն ունի»,- ասաց Վարդանյանը և հավելեց. «Իհարկե, Թուրքիան ավելի շատ կրակի վրա բենզին լցնող կողմն է, բայց ինչ-որ մի փուլում կարող է, իր շահը ստանալով, փորձել հարցը լուծել։ Սա Էրդողանի քաղաքականությունն է՝ ամեն տեղ «կրակի վրա յուղ լցնել» և շահ ստանալ գործընթացներից։ Սա արվում է բազմաթիվ տեղերում, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ կա շատ լուրջ, թաքնված հակամարտություն Թուրքիայի և Իրանի միջև։ Ինչպես գիտենք, Իրանը բացահայտորեն աջակցում է Ասադի կառավարությանը, իսկ Թուրքիան կողմնակից է, որ Ասադը տապալվի։ Վերջին մի քանի տարիների ընթացքում, կարելի է ասել, պրոքսի պատերազմ է ընթանում Թուրքիայի և Իրանի միջև՝ Սիրիայում։ Իրանի ռազմականացված շիա խմբավորումները շատ հաճախ  պատերազմի մեջ էին մտնում պրոթուրքական խմբավորումների հետ։ Իհարկե, ինչ-որ փուլում Աստանայի  գործընթացների շրջանակներում ինչ-որ պայմանավորվածություններ  էին ձեռք բերվում, ստեղծվել էին դեէսկալացիոն գոտիներ՝ նաև Ռուսաստանի մասնակցությամբ, բայց այս պայմանավորվածությունները, որպես կանոն, երկար չեն մնում և ինչ-որ պահի խախտվում են։ Այսօր պարզ դարձավ, որ Սիրիան ժամանակ է տվել Թուրքիային, որպեսզի վերջինս հանի իր զորքերը Իդլիբից։ Դա, բնականաբար,  Սիրիան փորձելու է անել Իրանի և Ռուսաստանի գործուն աջակցությամբ։ Թուրքիան էլ պետք է ամեն կերպ դրան հակադրվի, և այստեղ, այո՛, լուրջ մրցակցություն կա Իրանի և Թուրքիայի միջև, որը կարող է նաև տեղափոխվել Ադրբեջան։ Չի բացառվում, որ հենց թուրքական կողմն է Ադրբեջանին մղում այսպիսի գործողությունների։ Խաղը շատ բարդ է, խճճված է, շատ բաներ տեսանելի չեն, բայց կարծում եմ՝ Ադրբեջան-Իրան ուղիղ առճակատում չի լինի»։

Հայաստանի վրա, ըստ Վարդանյանի, այս լարվածությունը ուղղակիորեն չի ազդի։ Հայաստանը պետք է ուղղակի ուշադիր հետևի իրադարձությունների զարգացմանը և, եթե հնարավոր լինի, իր օգուտը քաղի։ 

Վովա Հակոբյան