Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային գվարդիայի ստեղծման վերջնական որոշում դեռևս չի կայացվել. Արա Ֆիդանյանը՝ Արթուր Խաչատրյանին

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց. «Ոստիկանության զորքերի փոխարեն նախատեսվում է ստեղծել ազգային գվարդիա: Ազգային գվարդիան ներգրավվելո՞ւ է պետական սահմանների պաշտպանությանը, ինչպես որ ոստիկանության զորքերի դեպքում էր»:

Պատգամավորը նաև նկատեց, որ ՊՊԾ-ի 2 բլոկները ամբողջ բյուջեի գրեթե 40 տոկոսն են կազմում: «Ինչո՞վ է պայմանավորված, որ հասարակական կարգի պահպանումից հստակ անցում է կատարվում պետական պահպանության ծառայությանը»,- Արթուր Խաչատրյանը հարցրեց  փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին:

Անդրադառնալով ազգային գվարդիայի ստեղծմանն առնչվող հարցին՝ փոխոստիկանապետն ասաց, որ այն դեռևս քննարկումների փուլում է գտնվում. «Ձեր բարձրացրած հարցը այլ ելակետային հարցն է, որի շուրջ այսօր այդ ուսումնասիրություններն ընթանում են: Բացառապես հենց այս հարցի առնչությամբ է, որ այս պահին դեռ վերջնական որոշում չի կայացվել: Եթե ունենանք վերջնական մոդել, դա կդրվի հանրային քննարկման»:

Ինչ վերաբերում է պատգամավորի երկրորդ հարցին, Արա Ֆիդանյանն ասաց. «Այստեղ ֆինանսական առումով որևէ փոփոխություն չունենք: Ընդամենը տեղի է ունեցել հստակեցում, թե որ մասն է գնում դեպի ոստիկանության զորքեր, որ մասը՝ հասարակական կարգի պահպանությանը, անվտանգության ապահովմանը և հանցագործությունների դեմ պայքարին»:

Նրա խոսքով՝ հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ աճել է պարեկային ծառայության ներդրմամբ. «Հաջորդ տարվա ընթացքում մենք ունենալու ենք մոտ 60 տոկոս վստահություն հասարակության կողմից»: