Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. «Հայաստան» դաշինքի պատգամավորը ակնհայտ սուտ է մատուցում հասարակությանը, փոխարենը ապատեղեկատվություն տարածելու մեջ մեղադրում մեր լրատվամիջոցին

Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. «Հայաստան» դաշինքի պատգամավորը ակնհայտ սուտ է մատուցում հասարակությանը, փոխարենը ապատեղեկատվություն տարածելու մեջ մեղադրում մեր լրատվամիջոցին
Քաղաքականություն
14:02, 19 ноябрь 2021
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող և խմբագիր Ագնեսա Խամոյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս գերեվարված քաղաքացիներին համարել է հանցագործներ։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ գերիներին համարում է հանցագործներ, այլ հայտարարել է, որ պետք է քննություն իրականացվի՝ պարզելու համար, թե ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ պատճառներով են հայկական կողմի զինծառայողները հայտնվել գերեվարության մեջ։

«Կարծում եմ, որ ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև ՀՀ Զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե մենք այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, բայց պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Պետք է քննենք՝ ա՞յդ դեպքի հետ գործ ունենք, թե՞ ոչ։ Եթե մարդը վիրավոր է կամ անգիտակից վիճակում, հստակ է, որ ոչ մի պրիտենզիա չի կարող լինել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Երեկ էլ Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր pastinfo.am-ի հրապարակմամբ, որտեղ նշվում էր, թե իբր հայկական կողմը ադրբեջանցի վեց զինծառայողի է գերեվարել, ապա մեր զինվորները տարել և վերադարձրել են գերիներին ադրբեջանական կողմին, որի ընթացքում մեր զինծառայողը գերի է վերցվել, ապա՝ խոշտանգվել և սպանվել։ 

Մի կողմ թողնելով անտրամաբանական այս շարադրանքը, որովհետև գերիներին ազատելու դեպքում հայկական կողմը իրենց ուղղակի բաց կթողներ կամ դա կաներ ռուսական միջնորդությամբ, այլ ոչ՝ ինքնուրույն ուղեկցելով ադրբեջանական դիրքեր, նկատենք, որ լուրը հերքվել էր և՛ պետական կառույցների, և՛ զոհված հայ զինծառայողի հարազատների կողմից, ովքեր նշել էին, որ իրենց հարազատը զոհվել է տեղում՝ նռնակի պայթյունից, և մարմնի վրա խոշտանգման հետքեր չեն եղել, հայկական կողմն էլ գերիներ չի վերցրել։ Այս ամենից հետո Ագնեսա Խամոյանը չի հերքել իր տարածածը, չի ներկայացրել իրականությունը։ Փաստորեն, ստացվում է, որ ԱԺ պատգամավորը իր ֆեյսբուքյան էջով ապատեղեկատվություն է տարածում շատ հուզական և նուրբ թեմայի մասին, իսկ հետո՝ հանգամանքների պարզվելուց հետո, չի ներկայացնում իրականությունը։

Խորհրդարանական նույն ճեպազրույցի ընթացքում Civic.am-ի հարցին, թե ինչո՞ւ է պատգամավորը նման նուրբ հարցի մասին ապատեղեկատվություն տարածում, հետո չի հերքում իր տարածածը, նաև խեղաթյուրում է վարչապետի խոսքերը՝ գերեվարումների մասով քննություն իրականացնելու մասին, Ագնեսա Խամոյանը ասաց, որ չի պատրաստվում պատասխանել մեր լրատվամիջոցի հարցերին, քանի որ Civic.am-ը «ամենամեծ ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցն է»։ 

Փաստորեն, ստացվում է, երկու օրվա ընթացքում երկու ակնհայտ ապատեղեկատվություն տարածող պաշտոնյան մեզ մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու մեջ։ «Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»։

Վովա Հակոբյան