Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում կարող եք լսել իմ հարցազրույցը՝ նաև չմոնտաժված տարբերակով. Նիկոլ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին

Նոր ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում կարող եք լսել իմ հարցազրույցը՝ նաև չմոնտաժված տարբերակով. Նիկոլ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին
Քաղաքականություն
17:15, 15 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Հայաստան» խմբակցության Ագնեսա Խամոյանի հարցի, որն առնչվում էր եթեր չհեռարձակված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր տված հարցազրույցը եթեր չի գնացել միայն այն պատճառով, որ կիրակի օրը պատերազմը սկսվեց:

«Կարծում եմ, որ այդ հարցազրույցը կա, և ոչինչ չի խանգարի քննիչ հանձնաժողովը ստեղծելուց հետո միացնել և այդ հարցազրույցը լսել: Ընդ որում, ես բացարձակ դեմ չեմ, որ դիտեն և չմոնտաժված, և մոնտաժված տարբերակը»,- նշեց նա և հավելեց, որ խնդիրների լուծման համար մեզ պետք են բացառիկ ամուր նյարդեր, սառնասրտություն և հավասարակշռություն:

Նրա խոսքով՝ հետին թվով հարցազրույցներ հրապարակելը, հայտարարություններ անելը հազիվ թե գործին օգնեն. «Մի բանում պետք է վստահ լինեք՝ մենք ՀՀ քաղաքացիներից, ՀՀ ԱԺ-ից թաքցնելու ոչինչ չունենք: Մենք հետևողականորեն գնալու ենք մեր քաղաքացիների համար խաղաղ դարաշրջան բացելու ուղիով»:

Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական: