Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի՛ կարելի բացել մի բան, որը երբեք փակ չի եղել, պարոն Ղազինյան. Կարող եք ձեր քաղաքական ղեկավարին հարցնել՝ երբ է բացվել. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նշեց, որ ՀՀ օդային տարածքը բավականին երկար ժամանակ տրամադրվում է ադրբեջանական ավիաուղիներին. «ՊՆ-ն տեղեկացվա՞ծ է արդյոք Քաղավիացիայի կոմիտեից, թե ինչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում Հայաստանի օդային սահմանը, վայրէջք կատարում Նախիջևանում: Տեղյա՞կ եք, թե ինչ են տեղափոխում, կամ իրավական ի՞նչ ռեժիմով է թույլ տրվում Ադրբեջանի ինքնաթիռներին ՀՀ օդային տարածք»:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ծառայե՞լ է արդյոք բանակում:

Առաջին հարցի հետ կապված Արման Սարգսյանը հորդորեց դիմել Քաղավիացիայի կոմիտեին, իսկ ինչ վերաբերում է երկրորդ հարցին, պաշտպանության փոխնախարարն ասաց, որ ինքը սովորել է ՆԳՆ բարձրագույն դպրոցում, որն այժմ կոչվում է կրթահամալիր. «Դա ներառել է իր մեջ ծառայության բոլոր էլեմենտները: Իմ ուսանողական կյանքը չի եղել ուսանողական, այլ եղել է ծառայական»:

Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ ՀՀ օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների անցնելուն առնչվող հարցին, ասաց. «Այդ հարցը պարբերաբար շահարկվել է, ինչպես և ցանկացած բան օգտագործվում է իբրև գործիք ընդդիմության ձեռքին: Ասում են՝ տեսեք, ադրբեջանական օդանավերի համար ճանապարհ են բացել: Չի բացվել, պարոն Ղազինյան, որովհետև չի կարելի բացել մի բան, որը երբեք չի փակվել, որովհետև ՀՀ-ն դեռ շատ վսղուց, կարող եք ձեր քաղաքական ղեկավարին հարցնել, թե երբվանից, անդամակցում է ԻԿԱՕ-ին, իսկ ԻԿԱՕ-ի կանոնադրությունը ընդունում է միջազգային քաղավիացիայի մասին կոնվենցիան: Իսկ ըստ այդ կոնվենցիայի՝ բոլոր երկրներն իրենց օդային տարածքը բաց են պահում մյուս երկրների քաղաքացիական փոխադրումներով զբաղվող ընկերությունների համար»:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը հարցը դարձրել է մատի փաթաթան. «Սակայն 2013 թվականից Ադրբեջանը սեփական նախաձեռնությամբ էր դադարեցրել ՀՀ օդային տարածքով իր ավիափոխադրումները՝ փորձելով դրանով ՀՀ-ին տնտեսական վնաս հասցնել»: