Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններից ծանր հանցագործություններ են ծնվում, առաջարկում եմ ձեռնպահ մնալ այս նախագծին կողմ քվեարկելուց․ Վլադիմիր Վարդանյանը՝ Աղվան Վարդանյանի օրինագծի մասին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ 

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137․1-րդ հոդվածը՝ ծանր վիրավորանքը, և հետևաբար քրեական դատավարության օրենսգրքում կատարել փոփոխություններ․ 

ՔՊ պատգամավոր, նախագծի հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում նշեց․ «Այս նախագիծն ընդունվել է, որովհետև մենք բախվել ենք մի իրավիճակի երբ մի վարքագիծ էր ձևավորվել, որը վերածվել էր հանրորեն վտանգավորության և ընդհանրապես քրեական օրենսգրքում այս կամ այն նորմի ի հայտ գալը կամ դուրս գալը պայմանավորված է նրանով թե այդ արարքը հանրային վտանգավորության աստիճանի տեսանկյունից ունի որոշակի ազդեցություն թե չունի՝ կան արարքներ, որ ժամանակի ընթացքում դառնում են հանրային վտանգավոր, կան արարքներ, որ դադարում են լինել հանրային վտանգավոր։ Մենք բոլորս ընդունում ենք, որ հատկապես 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, հատկապես սոցցանցերում ծայրահեղ դրսևորումների ենք բախվել, երբ անձինք օգտվելով հեռավարությունից թույլ էին տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք երբեք թույլ չէին տա դեմ առ դեմ հանդիպելու պարագայում և այս երևույթի դեմ պետք է պայքարել։ Եթե դուք ուսումնասիրեք օրինակ կրիմինոլոգիական վերլուծությունները՝ կտեսնեք, որ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններից ծանր հանցագործություններ են ծնվում․ երկու ավտոմեքենա՝ մեկը մյուսին չի զիջում, վարորդներից մեկը հայհոյում է, մյուսն էլ վերցնում է դանակն ու ունենում ենք սպանության դեպք։ Մի բան է հայհոյանքը, մի բան է սուր, ցինիկ քննադատությունը, որը ծանր է պետք է հանդուրժելի լինի, ինչպես որ վիրավորանքի որոշակի դրսևորումները պետք է հանդուրժելի լինեն հանրային գործիչների համար՝ օրինակ կառավարության այսինչ քաղաքականությունը, ընդդիմության այսինչ վարքագիծը։ 

Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց Աղվան Վարդանյանին․ «Կարող է պարոն Վարդանյան հանեք այս նախագիծը, դարձնեք Սահմանադրական դատարան դիմում, հատկապես, որ ասում եք Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է այդ հարցը Սահմանադրական դատարանում, գուցե հանդիպեինք Սահմանադրական դատարանում և այս դիրքորոշումը փորձեինք ներկայացնեինք այնտեղ։     

Նույնիսկ, եթե հանձնաժողովը տա դրական եզրակացություն ու հասցնի այն ընդունել երկրորդ ընթերցմամբ մենք մոտենալու ենք 2022թ․ հուլիսին, մենք որոշակի առումով ժամավաճառությամբ ենք զբաղվում, որովհետև սենց թե նենց մինչև հուլիսի 1-ն այս կանոնակարգումները դադարելու են գործել, եթե չլինեն նոր կարգավորումներ, եթե չլինի Սահմնադրական դատարանի որոշում այդ ընթացքում»։ 

ՔՊ պատգամավորն օրինակ բերեց «անասուն» արտահայտությունը և ասաց՝ կարող է վիրավորական լինել, բայց այն ծայրահեղ վիրավորական չէ․ «Ես առաջարկում եմ ձեռնպահ մնալ այս նախագծին կողմ քվեարկելուց»։