Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր թիմի դեմը խաղ չկա» ասող Հայկ Մարությանն իրեն դուրս է դրել նույն այդ թիմից՝ փորձելով թելել իր իսկ բնորոշմամբ «սև ուժերի» թելը

«Մեր թիմի դեմը խաղ չկա» ասող Հայկ Մարությանն իրեն դուրս է դրել  նույն այդ թիմից՝ փորձելով  թելել իր իսկ բնորոշմամբ «սև ուժերի» թելը
Քաղաքականություն
11:48, 16 декабрь 2021
Երեւանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը կարծեք միս ու արյուն է ստանում։  Դատելով անվստահություն հայտնելու հիմքերի ու պատճառների մասին  շրջանառվող լուրերից՝ 2018 թվականի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ Երեւանի բնակիչների  80 տոկոսի քվեները ստացած  «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը ինչ -որ պահից շեղվել է հեղափոխական օրակարգից՝ դեմ դուրս գալով սեփական  թիմին։  Թիմ ասելով նկատի ունենք այն քաղաքական ուժին, որի հանրային  բարձր վստահության  շնորհիվ էլ հանրության կողմից  «Կարգին Հայկո» ճանաչված Մարությանը դարձավ  Երեւանի քաղաքապետ։  

«Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը»,-օրերս գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը՝բացահայտելով նախկին իշխանության հեռահար ծրագրերը։  Ենթադրյալ հարվածների հանգամանքը  բնավ չթերգնահատելով՝ արժե հիշել նաեւ իշխանության դեմոկրատական  իմիջին արդեն իսկ հասցված ուժեղ հարվածի մասին։ Այդ հարվածը Մարությանի թեթեւ ձեռամբ, ավելի ճիշտ՝ շուրթերով հասցվեց Երեւանի ավագանու ընտրությունների շեմին, երբ քաղաքապետի թեկնածուն նախընտրական դրամահավաքի ժամանակ  արեց  «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին իր սկանդալային հայտարարությունը։ Արմատական ընդդիմությունն առիթը բաց չի թողնում ամեն առիթով ի լուր աշխարհի հիշեցնել  քաղաքապետի մտքի արգասիքը՝ այն օգտագործելվ որպես քարզչական հզոր զենք ընդդեմ իշխանության՝  վերջինիս մեղադրելով  հանրությանը «սեւ ու սպիտակների» բաժանելու, պառակտելու, կարճ՝ ռասսիզմի  մեջ։  

«Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի։ ․․․․Ընտրություններին մասնակցող մեր թիմը ուժեղ է. նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի  թեկնածուն։ 

Ընթերցողը կհիշի, թե այս  հոխորտանքը  սոցցանցերում եւ քաղաքական շրջանակներում ինչ փոթորիկ առաջացրեց․ ոմանց  հիշեցրեց ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի՝ «Մեր դեմ խաղ չկա»-ն, ոմանց էլ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի՝ «ով է այն տղամարդը» եւ «ինչքան ուզենք՝ այնքան խփենք» արտահայտությունները։ Իշխանությունը մեղադրվեց նախկին արատավոր բարքերից չհրաժարվելու, նախկիններից ոչնչով չտարբերվելու  մեջ։  Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էլ  «գավառական ծաղրածու» որակեց Մարությանին՝ մասնավորապես գրելով․ «Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սեւերի եւ սպիտակների կիսես: ․․․Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը և ցածր բարոյականությունը: Երկրի եւ քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ եւ հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը: Իսկ նոր անջրպետներ ստեղծելը թույլի, անվստահի, մեծամիտ և հասարակության վրա թքած ունեցող մարդու գործելաոճ է»։ 

Մարությանն ավելի ուշ արձագանքեց   քննադարությանը՝ արդարանալով․  «Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, եւ դա Հայաստանի ժողովուրդն է։ Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության եւ արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սեւ ուժեր են, եւ ես անձամբ իմ պարտքն եմ համարել եւ համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլեւս երբեք չկարողանան դա անել»։ 

Հատկանշական է, որ Մարությանի՝ քաղաքական թիմը լքելու մտադրության, հեղափոխական  ուղուց շեղվելու մասին լուրերը նոր չէ, որ շրջանառվում են։  Մամուլում, ի թիվս նրան  հասցեագրված մի շարք մեղադրանքների, գրվեց, որ քաղաքապետը ամիսներ առաջ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, փաստացի՝ տապալված ռազմական հեղաշրջման  օրերին, ցանկացել է միանալ  «պագոնավոր  բունտավշիկներին», որոնք ակնհայտորեն հովանավորվում էին ժողովրդին խաբած, նրա ազատությանը բռնացած  «սեւ ուժերի» կողմից։ Ստացվում է, որ ժամանակին  թիմային մտածողության երբեմնի կրող, թիմի ամենակարող լինելով հպարտացող  քաղաքապետը իրեն դուրս է դրել  նույն այդ թիմից՝ փորձելով  թելել այն ուժերի թելը, որոնց վերարտադրությունը կանխելը  համարում էր իր «անձնական պարտքը»։