Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահի դիրքերն այնքան էլ ամուր չեն Աբովյանի քաղաքապետի պաշտոնում

Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահի դիրքերն այնքան էլ ամուր չեն Աբովյանի քաղաքապետի պաշտոնում
Քաղաքականություն
16:00, 17 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու առաջին նիստն էր, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Էդուարդ Բաբայանը։   

Նշենք, որ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցությունը որպես համայնքի ղեկավար առաջադրեց Էդուարդ Բաբայանի թեկնածությունը, ՔՊ-ն՝ Պավել Ցուգունյանի, իսկ «Հանրապետություն»-ը և ՀՅԴ-ն թեկնածուներ չառաջադրեցին։ 

ՏԻՄ ընտրությունների արդյունքով՝ ԲՀԿ-ն հավաքել է ձայների 46.28 տոկոսը, ՔՊ-ն՝ 36.65 տոկոսը, «Հանրապետություն»-ը՝ 11.93 տոկոսը, ՀՅԴ-ն՝ 5.13 տոկոսը: 

Այսպիսով՝ Էդուարդ Բաբայանը ուներ 13 ձայն, ՀՅԴ-ի միակ ավագանին իր ձայնը տվեց նրան։ Այդպիսով՝ Բաբյանի ձայները դարձան 14։ ՔՊ թեկնածու Պավել Ցուգունյանն ի սկզբանե ուներ 10 ձայն և ևս 2 ձայն ստացավ «Հանրապետություն» խմբակցության անդամներից, իսկ «Հանրապետությունից» մեկն էլ  ձեռնպահ քվեարկեց։ Նշենք, որ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը պատկանող «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ անվադողերի նորոգման կետում հրազենային վնասվածքի հետևանքով մահացած Ջիվան Հարությունյանի հորաքույրն է, որն այս կերպ իր դժգոհությունն արտահայտեց եղբոր տղայի սպանության և քրեական գործի ձգձգման հետ կապված։  

Փաստացի Էդուարդ Բաբայանն ընդամենը 1 ձայնի առավելություն ունի և, կարելի է ասել, նրա դիրքերը քաղաքապետի պաշտոնում երերուն են։