Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրի համայնքի ղեկավար ընտրվեց «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանը

Այսօր` նոյեմբերի 11-ին Մեղրի խոշորացված համայնքում կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը: Նիստին ներկա էին նորընտիր ավագանու տասնհինգ անդամները` «Ազատական» կուսակցությունից 2 անդամ, «Ապրելու երկիր» կուսակցությունից 2 անդամ, «Հանրապետություն» կուսակցությունից 6 անդամ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 5 անդամ: 

Նիստի օրակարգի առաջին հարցը համայնքի ղեկավարի ընտրությունն էր: Համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրվեցին` «Հանրապետություն» կուսակցությունից Բագրատ Զաքարյանը, ՔՊ-ից` Արարատ Թումանյանը , «Ապրելու երկիր» կուսակցությունից` Արմեն Հայրապետյանը: 

Նշենք, որ «Ազատական» և «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր են ստորագրել` ըստ որի Մեղրի համայնքը առաջին 2,5 տարին պետք է ղեկավարի «Հանրապետություն» կուսակցությունը` ի դեմս Բագրատ Զաքարյանի, իսկ հաջորդ 2,5 տարին` «Ազատական» կուսակցությունը` ի դեմս Խաչատուր Անդրեասյանի:

ՔՊ թեկնածու Արարատ Թումանյանն անդրադառնալով 2 կուսակցությունների կազմած կոալիցիային և Մեղրի համայնքը համատեղ ղեկավարելու պայմանավորվածությանը` նշեց, որ եթե որևէ քաղաքական ուժ ընտրվում է իր ծրագրերով անգամ հնգամյա ժամանկահատվածում հնարավոր չէ այդ բոլոր ծրագրերն իրականացնել. «Ցանկանում եմ հստակեցնեն ինչպես է հնարավոր 2,5 տարվա ժամկետում իրականացնել այդ բոլոր ծրագրերը, որովհետև ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս և՛ տեխնիկական խնդիրներ, և՛ ֆինանսական հարցեր, ինչպես նաև այստեղ ներկա բոլոր 4 կուսակցությունների ծրագրերը մեկը մյուսից տարբերվում են: ՔՊ-ի ավագանիները հետևելու են, որպեսզի ձևակերպվի ժամանակացույց ծրագրերի իրագործման համար, մենք նաև մեր աջակցությունն ենք հայտնում այն ծրագրերին, որոնք կնպաստեն Մեղրի համայնքի և ընդհանրապես Հայաստանի զարգացմանը»:

«Հանրապետություն» կուսակցությունից Բագրատ Զաքարյանն էլ հավատացրեց, որ իրենց կազմած կոալիցիան հինգ տարիների ընթացքում կիրագործի այն խնդիրները, որոնք նշված են երկու կուսակցությունների ծրագրերում. «Մեկ դարձել ենք մեկ թիմ և որոշումները կայացվում են թիմային: Այն խոսքերը, որ իբր չենք կարողանալու 2,5 և 2,5 տարիների ընթացքում իրագործել ձեզ տված խոստումները` ես հավատացնում եմ, որ այդ ամենն իրագործելի է և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով: Հինգ տարիների ընթացքում մենք միասնական ենք լինելու` իմ բացերը լինելու են Խաչատուր Անդրեասյանինը, իսկ Խաչատուր Անդրեասյանի բացերը լինելու են իմ բացերը»:

Ելույթներից հետո ընթացավ համայնքի ղեկավարի ընտրությունն ու արդյունքների հրապարակումը: «Ապրելու երկիր» կուսկացությունից Հայրապետյան Արմենը հավաքել էր 2 ձայն, ՔՊ-ից Թումանյան Արարատը 5 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունից  Զաքարյան Բագրատը`8 ձայն։