Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընթանում է Գյումրու ավագանու առաջին նիստը․ օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է․ միակ թեկնածուն «Բալասանյան դաշինք»-ից է

Ընթանում է Գյումրու ավագանու առաջին նիստը․ օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է․ միակ թեկնածուն «Բալասանյան դաշինք»-ից է
Քաղաքականություն
12:37, 01 ноябрь 2021
Այսօր կայացավ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը։ 

Նախ ներկայացվեցին անցողիկ շեմը հաղթահարած հինգ ուժերի՝ «Բալասանյան դաշինք»-ի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Զարթոնք»֊ի, «Ապրելու երկիր» կուսակցության և ՀՀԿ֊ի ավագանու նորընտիր անդամները։

Նիստի օրակարգում գլխավոր հարցը համայնքապետի ընտրության հարցն էր։ Կազմվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, ներկայացվեց ընտրության կարգը։ Համայնքապետն ընտրվում է բաց քվերակությամբ։ Համայնքապետի պաշտոնում «Բալասանյան դաշինք»-ը ներկայացրեց Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ թեկնածու չեն առաջադրում և քաղաքական որոշում ունեն ընտրել «Բալասանյան դաշինք»-ի թեկնածուին, որպեսզի քաղաքի կառավարումն անցնի հնարավորինս անցնցում։ «Զարթոնք», «Հայաստանի Հանրապետական» և «Ապրելու երկիր» խմբակցությունները հայտարարեցին, որ թեկնածու չեն առաջադրում։

Ելույթ ունեցավ քաղաքապետի միակ թեկնածուն` ներկայացնելով իր գործունեությունը ու Գյումրիի զարգացման իր տեսլականը։ Ապա սկսվեց բաց քվերակությունը, որը դեռ չի ավարտվել։

Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժի չէր հաջողվել ստանալ բացարձակ մեծամասնություն։

Ընտրություններից հետո «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին, որի համաձայն համայնքապետի պաշտոնում երկու ուժերը միասին պետք է սատարեն «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանին, իսկ երկու փոխքաղաքապետերը պետք է ընտրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Մյուս պաշտոններում կադրային քաղաքականությունը որոշվելու է համատեղ։

Վովա Հակոբյան