Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համաձայն չե՞ք նոր կարգավորումների հետ, ՍԴ-ի տեղը ինձանից լավ գիտեք, գնացեք դիմեք, շաբաթը մեկ դիմում եք. Վլադիմիր Վարդանյանը՝ Արամ Վարդևանյանին

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանին հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ ինչ-որ ինստիտուտներ նոր Քրեական դատավարության օրենսգրքով ներդրվում են այս փուլում, մի քանիսը չեն ներդրվում։

«Ո՞րն է ժամանակային կամ քանակական պայմանների սահմանափակումը, ենթադրենք՝ Քրեական գործին կցելու և հետազոտելու համար նյութեր ներկայացնելու կամ քրեական գործի նյութերին ծանոթանալու։ Դրա ժամանակային կամ քանակական պայմանի սահմանափակումը ո՞նց է արտահայտվում։ Եվ մյուս հարցը՝ այս նույնը պաշտպանից հրաժարվելը, պաշտպանի լիազորությունները դադարեցնելը։ Ո՞նց է այս ինստիտուտը աշխատում»,- հարցրեց Արամ Վարդևանյանը։

Արձագանքելով՝ Վլադիմիր Վարդանյանը Արամ  Վարդևանյանին հարցրեց, թե նա վերջին շրջանում դատավարություններին հետևո՞ւմ է՝ որպես փաստաբան, որպես պատգամավոր, և այդ դատավարությունների ընթացքում իրավունքի չարաշահման դեպքերի, բոլոր կողմերից,  ականատես չի՞ դարձել։ 

«Օրինակ՝ որպեսզի վաղեմության ժամկետները հնարավորինս անցնեն, անձը պարբերաբար հրաժարվում է  փաստաբանից։ Նոր փաստաբանն էլ ասում է՝ ինձ 15 տարի է պետք այս գործի նյութերին ծանոթանալու համար։ Դե ջայնամ, ինչ լինում ա՝ տուժողին լինի, կամ՝ հակառակը, թող անձը անընդհատ մնա կալանքի տակ, որովհետև դատախազությունն ուրիշ գործեր ունի։  Ես ուզում եմ շատ հստակ ասել՝ այս կարգավորումը ո՛չ ԱԺ-ին, ո՛չ կառավարությանը  ո՛չ տաք ա անում, ո՛չ սառը։ Սա գործիք է, որը տալիս ենք  ՀՀ-ի անունից արդարադատություն իրականացնող սուբյեկտին՝ դատարանին, կուզենա՝ կօգտագործի, չի ուզենա՝ չի օգտագործի։ Համաձայն չե՞ք նոր կարգավորումների հետ, խնդրեմ, Սահմանադրական դատարանի տեղը ոնց որ ինձանից լավ գիտեք, գնացեք դիմեք, շաբաթը մեկ  դիմում եք, ոնց որ ավելի շուտ-շուտ էլ եք սկսել դիմել՝ չընդունելով դատարանի անդամների կամ դատավորների իրավազորությունը, բայց այդուհանդերձ շատ ակտիվ դիմում եք»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: