Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլորս գիտենք՝ իրենց 10 տարվա թալանը պահպանելու համար 2008-ին գնացել են 10 քաղաքացու գնդակահարման, բայց հեղափոխությունից 4 տարի անց Քոչարյանի գործով հոդվածը հանվեց. Արմեն Խաչատրյան

Բոլորս գիտենք՝ իրենց 10 տարվա թալանը պահպանելու համար 2008-ին գնացել են 10 քաղաքացու գնդակահարման, բայց հեղափոխությունից 4 տարի անց Քոչարյանի գործով հոդվածը հանվեց. Արմեն Խաչատրյան
Քաղաքականություն
16:46, 12 январь 2022
Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության նախկին պետ, գնդապետ, Քչարյանի «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ համարյա հպարտանալով «Մարտի 1»-ի արյունալի դեպքերին և Երևանի կենտրոնում ՀՀ 10 քաղաքացիների գնդակահարությանը սեփական մասնակցությամբ։ Մասնավորապես, Շիրինյանը նշել է. «Կար իրական, ռեալ վտանգ, և որոշում է կայացվում մաքրել Օպերայի հրապարակը խուժանից, կրկնում եմ՝ խուժանից, որոնց թվում էր նաև լտպ-ն, այլ ոչ թե այսպես կոչված «խաղաղ» ցուցարարներից»,- գրել է Շիրինյանը։ 

Շիրինյանը նշում է, որ իր բառերով ասած. «Տեր-պետրոսյանական, նիկոլա-հհշ-ական խունտան ամեն կերպ ցանկանում էր բռնազավթել իշխանությունը, այդ նպատակին հասնելու համար խտրականություն չդնելով միջոցների մեջ, եթե անգամ պահանջվեին մարդկային զոհեր», և միայն Ռոբերտ Քոչարյանի բացառիկ արիության և պատասխանատվություն ստանձնելու կարողության շնորհիվ, ըստ Շիրինյանի, իրենք հասան իրենց նպատակին։ «Թույլ չտվեցինք պետական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում»,- գրել է նախկին պաշտոնյան։

Հետգրությամբ Սայաթ Շիրինյանը նաև փաստել է Քոչարյանի անմիջական մասնակցությունը այդ դեպքերին. «Մարտի մեկի դեպքերից առաջ նախագահ Քոչարյանը Մոսկվայում էր, եթե նա մի քանի ժամ ուշ վերադառնար, ապա լտպ-ի կողմը կանցնեին մի շարք բարձրաստիճան ղեկավարներ։ Անունները շատերին են հայտնի»։

ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե արդյոք Մարտի 1-ի ժամանակ գործող իշխանության գործողությունները սահմանադրական կարգի պահպանո՞ւմ պետք է որակել, թե՞ համաժողովրդական շարժումը արյան մեջ ճնշելու գործողություն։ «Նախ ուզում եմ հիշեցնել Ռոբերտ Քոչարյանի օրոք անցկացված բոլոր կեղծված ընտրությունների մասին։ Խոսքը, մասնավորապես, նախագահական երկու ընտրությունների մասին է, որոնք 2003 թվականին երկու փուլ կեղծվեցին, և 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված ընտրությունները, որոնք խայտառակ ընտրություններ էին ու էդ պահին, իրենց խախտումների ծավալով՝ աննախադեպ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

ՀԱԿ ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ոչ միայն քվեարկությունն է անցել խայտառակ ընտրախախտումներով, այլև ողջ ընտրական պրոցեսը, ինչին անդրադարձել են նաև միջազգային կառույցները։

«Այդ ընտրություններից հետո սկսվեց համաժողովրդական շարժում, որի հանրահավաքներին միայն Երևան քաղաքում հավաքվում էր շուրջ 50-60 հազար քաղաքացի։ Ուզում եմ հիշեցնել էդ քոչարյանական, սերժական շրջանակներից ակտիվացած որոշ անձանց, որ այդ հանրահավաքներում անգամ մի ճյուղ չի կոտրվել, մի ապակի չի կոտրվել, իսկ պրովոկացիայի ցանկացած դեպք կանխվում էր հենց հանրահավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից, և դա հանկարծ դարձավ «սահմանադրական կարգի տապալման փորձ»»,- ասաց Արմեն Խաչատրյանը և հիշեցրեց, որ ԵԽԽՎ բանաձևերով և հետագայում՝ վերջին երկու տարվա ընթացքում, նաև Եվրոպական դատարանի կողմից մի շարք վճիռներով հաստատվել են, որ ցույցն ունեցել է խաղաղ բնույթ, և Եվրոպական դատարանը իշխանության կողմից ուժի ցանկացած դրսևորում համարել է ապօրինի, ոչ իրավաչափ, իսկ գործադրված ուժը՝ անհամաչափ։

Արմեն Խաչատրյանն անդրադարձավ նաև Սայաթ Շիրինյանի գրառման՝ «Մարտի մեկի դեպքերից առաջ նախագահ Քոչարյանը Մոսկվայում էր, եթե նա մի քանի ժամ ուշ վերադառնար, ապա լտպ-ի կողմը կանցնեին մի շարք բարձրաստիճան ղեկավարներ» հատվածին՝ նշելով. «Ինձ համար գաղտնիք չկա, էս ամեն ինչի կազմակերպիչը եղել է Ռոբերտ Քոչարյանը, ցանկացած հրահանգ եկել է նախագահականից, և մենք բոլորս ենք հիշում Մոսկվայից գալուց հետո ԵՊՀ-ում Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ուսանողների հետ, որտեղ, ըստ էության, Քոչարյանը բացահայտեց պլանը, որը մի երկու օր անց իրականացվեց, այնպես որ՝ որևէ գաղտնիք չկա։ Իսկ այն, որ իրենք դա բազմիցս են խոստովանել, կարող եք նայել Ռոբերտ Քոչարյանի՝ կարծեմ մարտի 2-ի ասուլիսը և կտեսնեք, որ այդ ասուլիսում ինքն ամեն ինչ խոստովանել է»։  

Միևնույն ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչը կարծում է, որ այդ հարցերը չպետք է տանք Ռոբերտ Քոչարյանին կամ Սայաթ Շիրինյանին։ 
«2018 թվականին իշխանության է եկել մի ուժ, որը հայտարարել է «Մարտի 1»-ի դեպքերի բացահայտման, դրանց քաղաքական և իրավական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Բայց հեղափոխությունից անցել է արդեն չորս տարի, և 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով դեռևս օրինական ուժի մեջ մտած վճիռներ կան, որոնցով անմեղ մարդիկ են դատապարտվել, էդ գործերը քննած քննիչներ կան, որոնք պաշտոնավարում են, դատավորներ կան, որ վճիռներ են կայացրել ու դեռ պաշտոնավարում են։ Հիմա Սայաթ Շիրինյանը ճի՞շտ է ասում, թե՞ սխալ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա, որով ինքը կազմակերպել է զանգվածային անկարգություն։ Դե հիմա ասեք՝ սխալ է ասում։ Էդ դատավճիռը կթափահարի, կասի. «Ձեր վարչապետը զանգվածային անկարգության կազմակերպիչ է»։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը կարող է ասել, որ ինքը անմեղ է։ Որովհետև երբ ասում էինք, որ 300.1 հոդվածը քիչ է, 309-ով էլ է պետք մեղադրանք առաջադրել, ասում էին. «Բացահայտված է, խնդիր չունենք»։ Տեսա՞ք, որ բացահայտված չէ։ Տեսա՞ք, որ Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց, բարձր դատարանի կողմից հոդվածը հանվեց, ու թեև «Մարտի 1» եղել է, բայց այսօր «Մարտի 1»-ի համար պատասխանատվություն կրել են միայն ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր իրականում այդ գործով տուժող են եղել, այդ թվում՝ պետության այսօրվա ղեկավարը։ Իհարկե, անբարոյականություն է այդ շրջանակների էս վերջին օրերի ակտիվացումը, որովհետև բոլորս գիտենք, թե ինչ են արել՝ իրենց 10 տարվա թալանը պահպանելու, ժառանգելու, ժառանգություն փոխանցելու համար, Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին փոխանցելու համար գնացել են տասը քաղաքացու գնդակահարման, բայց սրանք խոսքեր են»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ 

Նրա համար հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք «Մարտի 1»-ը պետք է չբացահայտվեր, քանի որ, ըստ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանը «Մարտի 1»-ի կազմակերպիչներից, պատասխանատուներից մեկն է, ում ձեռնտու է եղել «Մարտի 1»-ի կազմակերպումը, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք, չորս տարիների ընթացքում Սայաթ Շիրինյանը պետք է կարողանար հպարտանալ «Մարտի 1» կազմակերպելով, Արմեն Խաչատրյանի համար անտրամաբանական է։

«Պետք է արվեր այն, ինչ պետք է արվեր։ Ես այսպես եմ համարում՝ եթե ես չեմ կարող Ֆիզիկայի ինստիտուտի գիտխորհրդի նախագահ լինել, ես հրաժարական եմ տալիս, ես չեմ ձգտել Ֆիզիկայի ինստիտուտում աշխատել, որովհետև ֆիզիկոս չեմ։ Ինձ մոտ հավատամք է՝ Հայաստանում որևէ իշխանություն լեգիտիմ չէ, եթե «Մարտի 1»-ի մասով արդար բացահայտում չկա, թեկուզ 120 տոկոս ձայն հավաքած լինի»,- եզրափակեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Նշենք, որ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար Սայաթ Շիրինյանին արդեն իսկ առաջադրված մեղադրանք կա։  Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը 2020-ին Facebook սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում էր արել։ «Եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,- գրել էր Շիրինյանը։

Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020 թ. դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել, և խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Իսկ վերջերս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերացրեց Շիրինանի խափանման միջոցը։

Հիշեցնենք նաև, որ Շիրինյանը ԱԺ ընտրություններում «Հայաստան» դաշինքի 40-րդ համարն էր։ Ոստիկանության միջին օղակում աշխատած Սայաթ Շիրինյանը, ըստ իր ներկայացրած հայտարարագրի, ունի 3 անշարժ գույք Երևանում՝ 2 բնակարան և 1 ավտոտնակ: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ 2011 թվականի «Toyota Avensis ZRT271» և 2016 թվականի «Lexus RX 450h»:

Վերջին 1 տարում Շիրինյանը ընդամենը 1 մլն 716 հազար դրամ կենսաթոշակ է ստացել: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, սակայն, նա ունեցել է 250 մլն դրամ, 150 հազար եվրո և 750 հազար դոլար:

Մերօրյա Կորեյկոն այդպես էլ չի բացահայտել հանրության համար, թե ինչպե՞ս է կարողացել պետական աշխատավարձով դոլարային միլիոնատեր դառնալ՝ առանց կոռուպցիայի։